«Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների միջադեպերը տեղի են ունեցել ԱՄՆ հետախուզության պատասխանատվության գոտում։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Соловьев Live»-ի եթերում:

Նրա խոսքով՝ արտահոսքերը գազատարներում տեղի են ունեցել Դանիայի եւ Շվեդիայի առեւտրատնտեսական գոտում, որոնք, իրենց հերթին, «լիովին վերահսկվում են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից»։ «Միանգամայն եւ հաստատ գտնվում են ԱՄՆ հատուկ ծառայությունների վերահսկողության տակ, որը լիովին վերահսկում է իրադրությունն այնտեղ»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիայի ափային պահպանությունը հայտնաբերել էր գազի չորրորդ արտահոսքը «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերում։ Չորս արտահոսքերից երկուսը տեղի է ունեցել Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտում։ Այսօրվա դրությամբ հասանելի տեղեկությունը նշում է, որ պատճառը սաբոտաժն է, գրել է Svenska Dagbladet պարբերականը։

217