Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է առաջնային կարիքի հաշվառման հարթակը: «Արմենպրես»-ը Podcast-ՍոցUp-ի շրջանակներում նախաձեռնության մանրամասների շուրջ զրուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի հետ:
Նա նշեց, որ նախարարությունը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների կողմից հայտերը կարիքների մասին ընդունում էր Միասնական սոցիալական ծառայության զանգերի կենտրոնի` 114 հեռախոսահամարով: «Քանի որ մենք այս դեպքում ավելի շատ հայտերը համակարգողն ենք, ստեղծեցինք առաջնային կարիքի հաշվառման հարթակ, որտեղ քաղաքացին մի քանի անձնական տվյալ ներկայացնելուց հետո հնարավորություն է ունենում արդեն անցնել կարիքների ներկայացմանը, քանի որ համակարգը ստեղծված է այնպես, որ ավտոմատ գեներացնում է դիմումը, այնուհետև փոխանցվում է մարզպետարաններին և համայնքապետարաններին` կարիքները բավարարելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլոր տուժած շրջաններից դիմում են քաղաքացիները:
«Քանի որ հարթակը բաց է, դիմում են նաև ոչ շահառու համայնքներից քաղաքացիներ: Պետք է ասեմ, որ դա ժամանակի կորուստ է, քանի որ առաջնահերթությունը տրվելու է այն համայնքներին, որոնք տուժել են: Դրանով պայմանավորված՝ այս պահին չենք կարող նշել, թե քանի հայտ ենք ստացել»,-ասաց Մանուչարյանը՝ հավելելով, որ թեժ գծին սեպտեմբերի 13-ից մինչ այսօր 1100 զանգ են ստացել, որոնցից ռեալ կարիքի մասին եղել են 200-ը և որի 20 տոկոսն էլ եղել են կացարանների վերաբերյալ, որոնք փոխանցվել են մարզպետարաններին:
Զառա Մանուչարյանն ասաց, որ պետությունն ունի բավարար ռեսուրսներ կարիքներին օպերատիվ, թիրախային արձագանքելու համար, բայց գործում են նաև շատ մասնավոր նախաձեռնություններ, որոնք ինպուլսիվ սկսել են իրականացնել անհրաժեշտ պարագաների հավաքագրում:
«Մեր կողմից բարձր ենք գնահատում քաղաքացիների պատրաստակամությունը, բայց որպեսզի չլինի կարիքի ծածկում, ռեսուրսները ոչ նպատակային չծախսելու համար ստեղծեցինք սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ, որը նախատեսված է հասարակայկան կազմակերպությունների, մասնավոր նախաձեռնությունների, կամ անհատների համար, ովքեր ունեն ռեսուրսներ և ցանկանում են ծառայեցնել որպես օգնություն»,-ասաց նա:
Մանուչարյանն ընդգծեց, որ կարիքը գնահատելուց հետո կլինեն նաև աջակցության ծրագրեր:
«Նախագծային փուլում ունենք մեկ-երկու ծրագիր, որոնցից մեկը, եթե հաստատվի, վերաբերվելու է այն քաղաքացիներին, ովքեր սեպտեմբերի 13-ից հետո ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում, վնասվածք են ստացել և նաև մտավոր առողջական խնդիրներ են ձեռք բերել. Նրանք կկարողանան դիմել և ստանալ միանվագ 500 հազար դրամի աջակցություն: Մյուս ծրագիրը վերաբերվում է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և անհետ կորածների ընտանիքներին: Զոհված քաղաքացիների ընտանիքներին կհատկացվի 5 միլիոն դրամ, իսկ անհետ կորածներին ամսական 300 հազար դրամ»,-ասաց խոսնակը՝ հավելելով, որ երկու ծրագրերն էլ դեռ նախագծային փուլում են:
Ծրագրերի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ լսելով պոդքաստը: