Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պարզաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի հայտարարությունը, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը: Արամ Թորոսյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին:

Հարց -Ի՞նչ էր ակնարկում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, երբ ասուլիսի ընթացքում ասաց, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը։

Պատասխան -ԳՇ պետի տեղակալը տվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր առաքելության ընդհանրական բնութագիրը, այն է՝ պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքն արտաքին սպառնալիքներից։ Այդ ձևակերպման մեջ որևէ արտառոց կամ նոր բան չկա։

Հարց -Այսինքն տվյալ ձևակերպումը որևէ գործողության մասին ակնարկ չէ՞ր։

Պատասխան -Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ։ ԳՇ պետի տեղական Առաքել Մարտիկյանը խոսել է զինված ուժերի գլխավոր առաքելության՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության մասին։ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը:

513