Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին:

Նրա խոսքով՝ վիրուսը չի վերանում:

«Մեր բոլոր կանխատեսումներն այնպիսին են, որ չի էլ վերանալու այլևս: Այն դառնում է էնդեմիկ հիվանդություն և տարվա ընթացքում ունենալու է ակտիվացման շրջաններ: Վերջերս մենք որոշակի ալիք ևս գրանցեցինք Հայաստանում: Այս պահին ունենք նվազում դրական դեպքերի»,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ չեն կարող ասել, թե առաջիկայում ինչպիսի փոփոխությունների կենթարկվի այդ տվյալները:

«Քաղաքացիների համար պատվաստումները շարունակում են մնալ լավագույնս պաշտպանվելու ձևը: Այս ընթացքում էլ մեր հիվանդանոցային օղակը շարունակում է գրանցել, որ պատվաստվածները շատ ավելի թեթև են տանում հիվանդության սիմպտոմները»,-ասաց Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ այս պահին առկա է «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութը:

348