Արգենտինայի ֆուտբոլի առաջնության Լա Պլատայում տեղի «Խիմնասիայի» և «Բոկա Խունիորսի» միջև կայանալիք հանդիպումը դադարեցվել է մարզադաշտի մուտքի մոտ ոստիկանների կիրառած արցունքաբեր գազի պատճառով, հայտնում է TN-ն։

Երկրպագուները մարզադաշտի մուտքի մոտ բախվել են ոստիկանների հետ, քանի որ հանդիպման համար ավելի շատ տոմսեր են վաճառվել, քան պետք էր: Երկրպագուները փորձել են ներխուժել մարզադաշտ, ինչի պատճառով ոստիկանները կիրառել են գազ և ռետինե փամփուշտներ։ 

Հանդիպումը սկսվել էր նշանակված ժամին, սակայն 9-րդ րոպեին ֆուտբոլիստներն ու մարզիչները սկսեցին տրորել աչքերը և հազալ. մարզադաշտը բառացիորեն լցվել էր արցունքաբեր գազով։ Դրա էֆեկտը զգացել են նաև արդեն մարզադաշտում գտնվող հանդիսականները։

Մրցավարը որոշեց դադարեցնել հանդիպումը։ Ֆուտբոլիստները դուրս են բերվել խաղադաշտից։ Հանդերձարաններ տանող ճանապարհին նրանցից ոմանք փորձել են օգնել հանդիսատեսին՝ նրանց վրա ջուր նետելով։

Հայտնի է, որ մեկը վիրավորվել է ռետինե գնդակից։

Ավելի ուշ Nacion թերթը հայտնել է 57-ամյա երկրպագուի մասին, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս սրտի կաթվածից:

649