ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն սպորտի ոլորտի պետական աջակցության ծրագրերով իրականացվող միջոցառումներից առանձնակի կարևորում է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այդ շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչները, բժիշկներն ու մերսողները Կառավարության ծրագրով սպորտային նպաստ են ստանում:

«2 տարուց էլ քիչ է մնացել Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի մեկնարկին: Կառավարության որոշմամբ՝ ֆինանսական աջակցություն են ստանում ինչպես մարզիկներն ու մարզիչները, այնպես էլ հավաքական թիմի մյուս անդամները՝ բժիշկներ, մերսողներ»,- նշում է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ նախապատրաստական մրցումներին երբեք նման պետական մոտեցում չէր ցուցաբերվել:

«Կառավարությունն այժմ անում է ամեն բան, որպեսզի Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզում փառահեղ ելույթներ ունենա և բարձր պահի Հայաստանի մարզական պատիվը»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հիշեցնենք՝ սպորտային նպաստի տրամադրման ծրագիրը շարունակվելու է մինչև 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի ավարտը՝ հիմք ընդունելով «Փարիզ-2024» 33-րդ ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականների նախապատրաստությունը՝ ֆեդերացիաների 2022, 2023 թվականների օրացուցային պլաններով նախատեսված աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և 2023, 2024 թվականների վարկանիշային մրցաշարերին Հայաստանի հավաքականների մասնակցություն:

451