Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռք բերված համաձայնությունը։
Մանսմանն իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը՝ հարգելու իրենց երկրների միջև գոյություն ունեցող ազգային սահմանները՝ հիմնվելով ԵՄ աջակցության վրա։
Համաձայնագիրը հույս է ներշնչում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի հետագա ապակայունացումը, որը հարուցվել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման արդյունքում, կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։
Այս ռազմական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումներն այժմ պետք է ինտենսիվ կերպով հետաքննվեն: Մարտերի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները պետք է հանգեցնեն քրեական հետապնդման և չպետք է անտարբեր թողնեն միջազգային հանրությանը՛՛:
Պատգամավորը հավելել է, որ յուրաքանչյուր պետության տարածքային ինքնիշխանության հարգումը, ինչպես նաև միջազգային իրավունքի համաձայն՝ ուժի կիրառումից հրաժարվելու առաջնահերթությունը պետք է խստագույնս իրականացվեն:
՛՛Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ԵՄ արժեքային կողմնորոշման շրջանակում այդքան արագ և ինտենսիվ աշխատելու համար՝ ներկա համաձայնությանը հասնելու նպատակով։ Որպես Գերմանահայկական ֆորումի նախագահ՝ ես կոչ եմ անում Դաշնային կառավարությանը՝ միանալ այս աշխատանքներին և աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին՛՛,-ասել է Մանսմանը։