Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը:

Այս մասին հայտնում են համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել են Բերդ համայնքի ղեկավարի տեղակալն ու ևս 3 անձ, քրեական գործով է անցնում նաև հենց Հարություն Մանուչարյանը:

Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի 4 անդամից 3-ը մեղադրվում Է պետությանը և համայնքին վնաս հասցնելու համար: 

Ըստ մեղադրանքների՝ համայնքապետը՝ մի քանի անձանց աջակցությամբ ապօրինի կերպով սեփականացրել է հողատարածքներ, կառուցել ապօրինի, ինքնակամ շինություններ, կատարել սեփականության վկայականներում կեղծ նշումներ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 2 միլիոն 152 հազար 623 ՀՀ դրամի էական վնաս, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Դաշինքի համայնքապետի թեկնածու Հարություն Մանուչարյանը, որը Բերդի գործող համայնքապետն է, ընտրության օրը կալանավորված էր, նա անազատության մեջ էր 2021 թվականի նոյեմբերի 9-ից։ Մանուչարյանն ազատ է արձակվել մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, 6 միլիոն դրամ գրավի դիմաց:

Նույն օրն էլ վերջինս հայտնել էր, որ որոշում է կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իր մանդատից, բայց ոչ երբեք այն պարտականություններից և պարտավորություններից, որոնք ստանձնել է և խոսք տվել իրականացնել:

Բերդ համայնքում համայնքապետի պաշտոնի համար ընտրություններին պայքարում էր 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Արժանապատիվ սերունդ» և «Զորավար համայնք» դաշինքները: Հենց վերջինիս համայնքապետի թեկնածուն և գործող համայնքապետն էլ Հարություն Մանուչարյանն է: Ըստ ԿԸՀ-ի՝ Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6% քվե։

658