
Մեդիանյուզը գրում է.
Դեռևս երեկ՝ հոկտեմբերի 17-ին, կառվարության շենքի դիմաց բողոքի ակցիային մասնակցում էր նաև ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ Ի դեպ, հավանաբար շատերը նկատած կլինեն, որ տարիներ շարունակ ընդհատակ անցած ԱԺ նախկին նախագահը, չգիտես ինչու, վերջին օրերին կրկին ակտիվացել է, մասնակցում է բողոքի ակցիաների, հարցազրույցներ է տալիս մի քանի բուհեր միավորելու կառավարության որոշման դեմ։
Սակայն Տիգրան Թորոսյանի բողոքը հիմնավորված է ամսական մի քանի հազար դոլարով։ Բանն այն է, որ, մեր հավաստի տեղեկություններով, ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում նույն Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որտեղ, ի դեպ, աշխատում էր նաև Տիգրան Թորոսյանը, որի ամսական միջին աշխատավարձը 422,000 դրամ էր։
Սակայն քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն՝ Տիգրան Թորոսյանի ստացած ամսական միջին աշխատավարձը 1,349,000 դրամ է, որն ի դեպ 220 տոկոսով ավելի է վերջինիս հիմնական աշխատավարձից։
Հարց է ծագում, թե ում սիրուն աչքերի կամ մատուցած որ ծառայությունների դիմաց է Տիգրան Թորոսյանը ամսական շուրջ 1,4 մլն դրամ ստացել «Բրյուսով»-ից։
Եվ հենց այս ամենով է բացատրվում Տիգրան Թորոսյանի բողոքը, քանզի շուտով կարող է զրկվել ահռելի եկամուտներից։ Ավելին, ՊՎԾ ստուգումները շատ ավելի դառը հետևանքներ կարող են ունենալ Տիգրան Թորոսյանի համար։