Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ազատյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-օրական Նվեր Բ-ն է։
Ըստ վերջինիս մոր հայտարարության՝ երեխան նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում, տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։