Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Օրինագծերի մշակումը բխում է վերաքննիչ դատարանում հակակոռուպցիոն գործերի առավել մասնագիտացված և արդյունավետ քննության ապահովման անհրաժեշտությունից:

Նախագծերի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից: Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, որն իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը: Դատարանը կազմված է լինելու թվով առնվազն 12 դատավորներից, որոնցից առնվազն 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց համար բարեվարքության գնահատման գործընթացի արդյունավետ իրականացումը:

476