Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 17։00-ին մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը կրող 25-րդ Հեռուստամարաթոնը։ Մեկնարկը տրվել է Հայաստանում, այնուհետև կտեղափոխվի Լոս Անջելես և կցուցադրվի տեղական ժամանակով ժամը 14:00-20:00:

Հանրային hեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռուստամարաթոն-2022»–ը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ներկայանում է հաշվետու ֆիլմի տեսքով՝ 3 ժամ տևողությամբ, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2021-22 թվականներին իրականացված և ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը: Հեռուստամարաթոնը կսփռվի նաև արբանյակային կապով՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքէջում՝ www.1tv.am, իսկ նոյեմբերի 24-ից հետո ամբողջությամբ կտեղադրվի Հիմնադրամի կայքէջում և ֆեյսբուքյան էջում։

Հիմնադրամի ծրագրերի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները վերագտնում են իրենց և վերադառնում բնականոն կյանք: Արցախում հարյուրավոր արցախցիներ արդեն իսկ տեղափոխվել են նոր բնակարաններ, հարյուրավոր բնակարանների և տների կառուցումը դեռ ընթացքի մեջ է: Կառուցվել են խոշոր ճանապարհներ, ջրատարներ, հիմնանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ և այլն:
Սյունիքի, Շիրակի, Արմավիրի և Տավուշի բազմաթիվ սահմանային համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ, այդ բնակավայրերի մեր հայրենակիցները շենացնում են իրենց հայրենի հողը, Գյումրի քաղաքը բեռնաթափվում է տնակավաններից: Այս բոլոր ծրագրերը դեռ սկիզբն են այդչափ նշանակալի իրականացրած ու կենսական կարևորության նոր ծրագրերի մեկնարկի:

Իր աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների ջանքերի շնորհիվ է, որ Հիմնադրամը տարիներ շարունակ կարողանում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել է մեր հազարավոր հայրենակիցների կյանքը:

 

754