Ի պատասխան  հարցադրումների՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը տեղեկացնում է, որ պայմանավորված եկամտի ավելացմամբ (օրինակ՝ աշխատավարձ, կենսաթոշակ կամ ամսական պարբերականությամբ վճարվող որևէ այլ եկամուտ) քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից․ ընթացակարգը նոր չէ, գործում է համակարգի ներդրման պահից։

Անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող ընտանեկան/սոցիալական նպաստը երաշխավորված աջակցություն չէ, այն ընտանիքի եկամուտների հիմքով տրվող աջակցություն է՝ ի տարբերություն օրինակ կենսաթոշակների։

 Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին (ամսական՝ 18 հազար դրամ):

«Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ընտանիքը կարող է չստանալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ, բայց կարող է շարունակել օգտվել այլ աջակցություններից։ Այս դեպքում, կենսաթոշակի բարձրացման հիմքով անապահովության գնահատման համակարգից դուրս մնացած ընտանիքները կշարունակեն օգտվել կոմունալ զեղչերից (նվազ սակագներ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց)․ վերոնշյալ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե «28.01» և ավելի միավոր, այլ՝ «20.01» միավոր, իսկ կենսաթոշակի չափի բարձրացումը միավորի կտրուկ փոփոխություն՝ «28.01»–ից «20.01» միավորի միջակայքում չի բերել։

 Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ այս պահին ընտանեկան/սոցիալական նպաստ է ստանում շուրջ 72500 ընտանիք․ անապահովության գնահատման նոր համակարգի ներդման ուղղությամբ նախարարության կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում»,- ասվումէ  պարզաբանման մեջ:

Նշենք, որ երեկվանից լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն ահազանգում են, որ բազմաթիվ ընտանիքներում, որտեղ քաղաքացիները միաժամանակ ստանում են կենսաթոշակ և նպաստ, կենսաթոշակներն ավելացել են 3000 դրամով, փոխարենը՝ կտրվել է ընտանեկան նպաստը:

575