Շիրակի մարզում առողջապահական զարգացման ծրագրերին հետևելու և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Գյումրիում էր:

Մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ նախարարն այցելել է Գյումրու մի շարք բուժկենտրոններ:

«Գյումրի բժշկական կենտրոնի» նյարդաբանության և սրտի կաթվածի բաժանմունքում 2022թ.-ին ներդրված գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում արդեն մոտ 5 տասնյակ պացիենտ բուժում է ստացել:

Կենտրոնում ընդլայնվել են նաև ուռուցքաբանական ծառայությունները, քիմիաթերապիայի բաժանմունքը հագեցել է անհրաժեշտ սարքավորումներով:

«Մեզ համար մարզային համաչափ զարգացումը առողջապահական համակարգի գլխավոր սկզբունքներից է: Ուրախ եմ, որ դժվարամատչելի մի շարք ծառայություններ հասանելի են արդեն Գյումրիում: Այցիս նպատակն է քննարկել մյուս բուժկենտրոնների հետ կապված առաջիկա ծրագրերը»,- մարզային լրագրողների հետ զրույցում նշել է Անահիտ Ավանեսյանը:

Այցը շարունակվել է «Գյումրի բժշկական կենտրոնի» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, ինչպես նաև «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»:

Նախարարը շրջել է կատարել նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում», ծանոթացել մատուցվող ծառայութուններին և շենքային պայմաններին:

Անահիտ Ավանեսյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ քննարկվել է նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:

332