Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Այսպիսով, նախագծի նպատակը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների, այդ թվում՝ ինքնակամ անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաև անավարտ կիսակառույց շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է:

Պարզաբանելով նախագիծը՝ վարչապետը նկատեց, որ ականատես ենք լինում դեպքերի, երբ որևէ տղում շինարարական փոս է ստեղծվում, կամ հիմքեր են գցում, և այդպես մնում են տարիներով, տասնամյակներով, և նույնիսկ բոլորս սովորում ենք դրանց։ «Դա կարծես թե դիտվում է նորմալ երևույթ, բայց ոչ մեկը չի արձանագրում, որ դա անհարագալից վերաբերմունք է հանրության հանդեպ, անհարմարություն է ստեղծում, խաթարում է միջավայրը։ Հիմա մենք ասում ենք՝ շինթույլտվության ժամկետը ավարտվեց, դրանից սկսած այլ կարգավորումներ և գույքային հարկերի վճարում, և շինթույլտվությունները երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն այլ դրույքաչափերով վճարումներ անել։ Քաղաքաշինության ոլորտում կարգ ու կանոն հաստատելը շատ կարևոր է»,– ասաց նա և նշեց, որ չի բացառում, որ հետագայում ավելի խիստ մեթոդներ կիրառեն։

Նա օրինակ բերեց, որ եթե մեկը գիշերը որոշի մի ժանգոտ բուդկա դնել Հանրապետության հրապարակում, պետք է դատական երկար պրոցեսներով անցնեն, պետական մարմինները գրեն, պատասխանեն, որ  այդ բուդկան ապամոնտաժվի։  Նա հիշեցրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գիշերը Աջափնյակում բուդկաներ հայտնվեցին, և կարևորեց, որ  կամք դրսևորեցին, որ դրանք ապամոնտաժեն։

«Հանրային շահը չի կարող ստորադասվել մի բուդկայի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին»,– ասաց նա և նշեց, որ եթե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն լինի, ապա պետք է իրականացնեն և քաղաքական կամք դրսևորեն։

«Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեզ մոտ օրենսդրական կարգավորումները ոչ թե օրինականությունը, այլ ապօրինությունը պաշտպանելու համար են»,– ասաց նա։

 

668