ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել են արաբական այլ երկրների խորհրդարանականներ եւ Արաբական Մեհրաբի խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Սաիդ Մոկադեմը:

Հանդիպմանը քննարկվել են Կատարի հետ խորհրդարանական ձեւաչափով համագործակցության հնարավոր ուղղությունները: Երկուստեք արձանագրվել է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը, որն էլ ավելի է ամրացնում երկկողմ միջպետական կապերը՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների բարեկեցության: «Վստահ եմ, որ հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման եւ ընդլայման մեծ ներուժ ունի եւ ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ  ժողովուրդների»,- մասնավորապես, նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Գործընկերները շրջայց են իրականացրել խորհրդարանի շենքում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Կատարում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում՝ հավելելով, որ նույն դերակատարումը կունենա Երեւանում Կատարի դեսպանության հիմնումը:

Հանդիպման ավարտին կարճ անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությանը: Հանդիպման մասնակիցները շնորհակալական խոսքեր են փոխանցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին առաջնության հրավերի համար:

364