«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժածների ֆինանսական աջակցության ծրագիրը փակվեց։ Դեկտեմբերի 1-ը վերջնաժամկետն էր, մինչև երբ դեպքի ժամանակ վիրավորված կամ զոհված անձանց հարազատները կարող էին դիմել սահմանված գումարը ստանալու համար։ Ըստ Կառավարության որոշման՝ միանվագ դրամական օգնությունը հիվանդանոցից մինչև 3 օրվա ընթացքում դուրս գրված անձանց դեպքում 150 հազար դրամ է, 3 և ավելի օր բուժում ստացած լինելու պարագայում՝ 300 հազար։ Զոհված, նաև՝ անհետ կորած քաղաքացու ընտանիքին հատուցվող գումարի չափ էր սահմանվել 3 միլիոնը։
Տուժածների տվյալները ճշտված ունեին, սակայն ոչ բոլորի անունով են դիմումներ ստացել՝ ծրագիրն ամփոփում են Սոցապնախարարությունում։

Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ) - Ի սկզբանե պլանավորվել էր 17 զոհվածի և 24 վիրավորի համար: Ընդհանուր առումով Քննչական կոմիտեից ստացել ենք բոլոր շահառուների ցուցակը, իսկ առաղջապահության նախարարից՝ 21 շահառուի տվյալ, պլանավորված էր 24։ Ըստ էության, պլանավորել էինք 41, ստացել ենք 38 անձի ցուցակ, որից դիմել են 26-ը:

26 դիմումից 14-ը զոհերի ընտանիքներից են։ Մահացած ո՞ր երեք քաղաքացիների համար հարազատները չեն դիմել՝ հրապարակման ենթակա տվյալ չէ։ Դրամական աջակցության հնարավորությունից, փաստորեն, չի օգտվել նաև մարմնական վնասվածք ստացած անձանց կեսը։ Առաջարկվող գումարի չափը կարո՞ղ էր հրաժարվելու պատճառ լինել, թե՞ տեղեկատվության պակասը՝ նախարարությունում դժվարանում են ասել։

Արտակ Հարությունյան - Երևի չեն ցանկացել կամ շահառու չի եղել, լինում ա, որ ընտանիքի անդամ չի լինում դիմելու համար, միգուցե շահառուների մի մասը չի ցանկացել ստանալ:

Ներկայացված դիմումներից 4-ի համար գումարն արդեն փոխանցվել է։ Մյուսներն ուսումնասիրման փուլում են, ֆինանսական աջակցությունը կտրվի մինչև դեկտեմբերի վերջ։

519