«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգության ֆունդամենտը միայն Հայոց Ազգային Բանակն է
Հայո՛ց Ազգային Բանակ, համայն հայության անգերազանցելի հպարտությո՛ւն, Հայ ազգի մարտունակ Ոգու կենդանի վկայությո՛ւն, Հայրենիքի սի՛րտ և ազգային գենի գլխավոր զարկերա՛կ, հայրենի հողի պաշտպանության զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք, Հայի և Հայաստանի ո՛ւժ և զորությո՛ւն, անվտանգությո՛ւն և հուսալի թիկո՛ւնք, մեր հաղթանակների զե՛նք, դարավոր ոսոխի մշտարթուն ահ ու սարսա՛փ, Քո փորձով ու մարտունակությամբ, արծիվ զավակներիդ երդմնապահ հավատարմությամբ, մահացու օղակ ես թշնամու պարանոցին և անառիկ բերդ՝ Հայոց սահմաններին:
«Վախի բացակայությունը չէ արիությունը. այն սեփական վախին դիմակայելն է», ուրեմն, արիությո՛ւն ու անսասան նվաճումնե՛ր Քեզ, սահմանապա՛հ և հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ:
Մենք հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո անցած ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը՝ միշտ Քո կողքին, միշտ Քո շարքերում։
Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգության ֆունդամենտը միայն Հայոց Ազգային Բանակն է:
Փա՜ռք Հայոց Ազգային Բանակին:
Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը:
Աստված պահպանի Հայաստանը, Արցախն ու Հայ Ազգը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ` Խաչիկ Ասրյան