Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները, ինչպես նաև վերահսկողության միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու քայլերը։ Զեկույցներով հանդես են եկել միջոցառումների իրականացման կողմ կառույցների ներկայացուցիչները, հնչեցրել իրենց տեսակետներն ու կարծիքները։

Այսպիսով՝ դեկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 975 հատ սիգ տեսակի ձուկ և 6.5 կգ ձկնկիթ։

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից լճից դուրս են բերվել մեծ թվով ձկնորսական ցանցեր։

Նախապատրաստվում են նյութեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշներով՝ (թվով 3) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.6 հոդվածի հատկանիշներով՝ (թվով 1)։

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:

803