Շուրջ երեք տասնամյակ ժամանակավոր կառույցում գործունեություն ծավալած «Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն» արդեն շենքային բավարար պայմաններում է աշխատում։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր շրջել է շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։

«Իրականում՝ երեք տասնամյակ տևած խնդիր էր, նվագախումբը շենքային պայմաններ չուներ և այնպիսի բովանդակային համույթ, ինչպիսին Ժողգործիքների նվագախումբն է, շատ կարևոր էր ունենալ փորձասրահ, որտեղ կարող էին նաև համերգներ լինել։ Նախաձեռնությունը դեռ 2018 թվականին մեկնարկեց և հասավ իր հանգրվանին, մեկ կարևոր խնդիր կար՝ շենքն ուներ ջեռուցման խնդիր, կառավարության ջանքերով այս հարցն էլ լուծում ստացավ՝ այս տարի հրատապ ծրագրերով Շիրակի մարզպետարանին հատկացված գումարների շրջանակում»,- նշել է Շիրակի մարզպետը։

«Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի» շենքի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 24 մլն 975 հազար դրամ, «Օյունջյան» հիմնադրամը շենքի վերանորոգման համար ևս գումար է տրամադրել՝ շուրջ 17 մլն դրամ: 2 մլն դրամ էլ Շիրակի մարզպետարանը հատկացրել է հրատապ խնդիրների լուծման ծրագրից` ջեռուցման անցկացման համար։

Շիրակի մարզպետին ներկայացվել է նվագախմբին հետաքրքրող հարցերը, անդրադարձ է եղել գույքի թարմացման անհրաժեշտությանը, քննարկվել է նաև բացօթյա համերգասրահ ունենալու հարցը։ Նվագախումբը հանդես է եկել նաև համերգային ծրագրով։

 

1030