
Ղազախստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեյբերդին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գործակալության տվյալներով՝ Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը Կենտրոնական Ասիայի չորս այլ երկրների գործընկերների հետ այցով գտնվում է Տոկիոյում, որտեղ բանակցություններ են ընթանում Ճապոնիայի արտգործնախարարի հետ 5+1 ձեւաչափով։
«Մենք չենք միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Սակայն, միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, որ հանրապետության տնտեսությունը չի օգտագործվի տարբեր ձեռնարկությունների կողմից սահմանափակող միջոցները շրջանցելու համար»,- ասել է Թլեյբերդին։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը սերտ տնտեսական հարաբերություններ ունեն։ Իսկ հակառուսական պատժամիջոցները, ըստ նրա, բացասաբար են ազդում, այդ թվում՝ Ղազախստանի տնտեսության վրա։
Ուկրաինական իրավիճակի վերաբերյալ նախարարն ասել է, որ նախագահ Տոկաևը կողմ է բանակցային գործընթացին և հակամարտության կարգավորմանը քաղաքական երկխոսության միջոցով։
«Ռուսաստանը և Ուկրաինան պատմականորեն բարեկամ երկրներ են Ղազախստանի համար։ Նախագահ Տոկաևը կանոնավոր կապի մեջ է երկու երկրների ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ներկայիս հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական լուծում գտնելու համար»,- ասել է Թլեյբերդին։