Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը դեկտեմբերի 29-ին համայնքապետարանում կայացած տարեկան ամփոփիչ միջոցառման ժամանակ հուշանվերներ ու պատվոգրեր հանձնեց տարվա ընթացքում տարբեր ոլորտներում աչքի ընկած աշխատակիցներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ պարգևատրումը Վարդգես Սամսոնյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձ կատարեց 2022 թվականի ընթացքում համայնքապետարանի կողմից իրականացված աշխատանքներին, խոսեց ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին։ «2021 թվականից անավարտ մնացած 5 փողոցի և մեկ հրապարակի՝ Կայարանամերձ հրապարակի հիմնանորոգումը ավարտին հասցրեցինք այս տարի։ Լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ կրկին իրականացվեցին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 21 փողոցից 19-ի աշխատանքները կարողացանք ավարտել, իսկ Անի թաղամասի երկու փողոցների՝ 3–րդ և 11–րդ փողոցների հիմնանորոգումը կավարտենք հաջորդ տարի՝ KfW-ի ծրագրի շրջանակներում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անցկացում-փորձարկումից հետո։  

Հաջորդ տարվա համար թվով 29 փողոցի հիմնանորոգում ենք նախատեսում սուբվենցիոն ծրագրով, ՎԶԵԲ ծրագրով նախատեսում ենք հիմնանորոգել Անի թաղամասի մյուս փողոցները, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ գալիք տարում կմեկնարկեն Գյումրու պատմական մյուս հատվածի՝ Սլաբոտկա թաղամասի, Ամենափրկիչ եկեղեցու բակի ու շատրվանի հիմնանորոգման աշխատանքները։

Տարվա ընթացքում կրկին աննախադեպ հաջողություններ ունեցանք սպորտի ոլորտում, աշխարհի, Եվրոպայի և այլ մրցաշարերում մեր մարզիկները ընդհանուր հաշվով կարողացան նվաճել 840 մեդալ։

Մշակութային խոշորամասշտաբ միջոցառումներով հագեցած էր այս տարին։ Զբոսաշրջիկների մեծ հոսքը չդադարեց մեր քաղաք ողջ տարվա ընթացքում, ինչը վկայությունն է քաղաքի հանդեպ հետաքրքրության մեծացման։

Մշակութային, սպորտային և կրթական օջախների վերակառուցման մի շարք ծրագրեր ենք կարողացել իրականացնել. Տիկնիկային թատրոնի վերանորոգում, Ասլամազյան քույրերի թանգարանի պատշգամբի հիմնանորոգում: Քաղաքի 1-ին դպրոցի պատշգամբի վերակառուցման գործում քաղաքն իր ներդրումն ունեցավ։

Ծրագրերը բազմաթիվ են և իրենց մեջ ներառում են տարբեր ոլորտներ»,- նշեց քաղաքապետը՝ շնորհակալություն հայտնելով համայնքապետարանի ու համայնքի ենթակայության կառույցների բոլոր աշխատակիցներին, կարևորեց նրանցից յուրաքանչյուրի աշխատանքն ու ներդրումը քաղաքի բարեկարգման ու զարգացման գործում:

645