
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ճաղարյանը հանդես է եկել հրապարակային հաշվետվությամբ՝ ներկայացնելով 2024թ.-ին համայնքում կատարված աշխատանքները: «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ մեր ծրագրերին մշտապես աջակցելու համար: Նախորդ տարվա աննախադեպ աշխատանքների ծավալը հենց դրա արդյունքն է»,-նշել է Ճաղարյանը:
«Համայնքի ղեկավարը հավելել է, որ Իջևանում նման ծավալի աշխատանքներ վերջին տասնամյակներում չեն իրականացվել: 2024 թվականին Իջևան խոշորացված համայնքում կառուցվել են նոր ճանապարհներ, բարեկարգվել են պուրակներ,մանկապարտեզներ, ընդլայնվել է լուսավորության ցանցը, կազմակերպվել են մշակութային, երիտասարդական և մարզական միջոցառումներ։ 2024 թ. -ին համայնքի բյուջեն փաստացի կազմել է 3 մլդ. 258. 418.3 դրամ: Բյուջեի սեփական եկամուտների կատարողականը կազմել է՝ 93.9% : Տարվա ընթացքում սոցիալական աջակցություն է տրամադրվել 440 բնակչի՝ 10.335.000 դրամի չափով: Զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է 8.199.000 դրամ ֆինանսական աջակցություն: Սպորտի և մշակույթի բնագավառում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները,մարզիչները, սաներն ու ուսուցիչները պարգևատրվել են ընդհանուր՝ 5.180.000 դրամի չափով: Ֆինանսական աջակցությունների և դրամական պարգևների ընդհանուր բյուջեն կազմել է 23.714.000 դրամ:
2024թ.-ին սուբվենցիոն ծրագրերով կատարվել են մեծածավալ աշխատանքներ: Ասֆալտապատվել է ընդհանուր 30800 քմ. տարածք, որի երկարությունը կազմել է 5177 գծամետր: Սալիկապատվել է 4983 քմ. տարածք, որի երկարությունը կազմել է 1976 մ. : Նշված ծրագրերի բյուջեն կազմել է 724 968 248 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 290 894 314 դրամ : Ընդհանուր առմամբ բարեկարգվել է 5392 քմ. մակերեսով 2 պուրակ՝ որոնց արժեքը կազմել է 133 318 801 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 59 993 460 դրամ: Արդիականացվել է 2783 գմ երկարությամբ ոռոգման համակարգ, որի արժեքը կազմել է 87 680 082 դրամ, համայնքի ներդրումը՝ 26 304 025 դրամ: Գազաֆիկացվել է 2 բնակավայր: Դրա համար հատկացվել է 231 467 741 դրամ, որից 81 013 709 դ. ներդրումը կատարվել է համայնքի կողմից: Ջրամատակարարման համակարգի արդիականացման և կոյուղագծերի կառուցման համար ընդհանուր առմամբ 2024թ.-ին ծախսվել է 252010000 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 63002500 դրամ է:
Ասֆալտապատվել են Երիտասարդական փողոցի թիվ 61 հասցեում գտնվող պահեստի հարակից տարածքը, Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան- Ասլանյան խաչմերուկը, Գետահովիտ բնակավայրի 6-րդ փողոցը, Այգեհովիտ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը, Գանձաքար բնակակավայրի 19-րդ, Աչաջուր բնակավայրի փողոցները:Տուֆ քարով սալիկապատվել են Իջևանի Տերյան, Հ. Ղալումյան փողոցները, Վազաշեն բնակավայրի մի հատվածը, Բերքաբեր բնակավայրի մանկապարտեզ տանող ճանապարհը: Արդիականացվել են Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ոռոգման և Խաշթառակ գյուղի ջրամատակարարման համակարգերը: Կոյուղագծեր են կառուցվել Մետաղագործների փողոցի ջրամբարից դեպի սեփական տներ տանող և Տերյան փողոցից 3-րդ դպրոց տանող ճանապարհներին: Գազաֆիկացման աշխատանքներ են կատարվել Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրներում: Արդիականացվել է Վազաշեն գյուղի ոռոգման համակարգը և Խաշթառակ գյուղի ջրամատակարարման համակարգը: Կոյուղագծեր են կառուցվել Իջևան քաղաքի Տերյան փողոցից 3-րդ դպրոց տանող և Մետաղագործների փողոցի ջրամբարից դեպի սեփական տներ տանող ճանապարհներին:
2024-ին ավարտված և այս պահին ընթացիկ սուբվենցիոն ծրագրերն են նաև՝ Իջևանի Մետաղագործների փողոցից դեպի սեփական տներ տանող հիմնական ճանապարհի, Թուխիկյան փողոցի, Սպանդարյան փողոցի ճանապարհից 9, 10 շենքերի բակերի, Սայաթ-Նովա փողոցի ասֆալտապատման, Երևանյան փողոցի 3-րդ նրբանցքի, Այգեստան փողոցից դեպի Ասլանյան փողոց միացնող և հարակից նրբանցքի, Սևքար բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի շարունակության, Մետաղագործների փողոց՝ դեպի սեփական տներ տանող հիմնական ճանապարհի, Մետաղագործների 9 հարկանիներից սեփական տներ տանող ճանապարհի, Ծաղկավան բնակավայրի գյուղամիջից դեպի նոր գերեզմաններ տանող ճանապարհի սալարկման աշխատանքները: Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրում ընդգրկված են Իջևան քաղաքի Անկախության փողոցի հ.21,19,17, Մայիսի 28 փողոցի հ.41, Բլբուլյան փողոցի հ.79,73, Այգեհովիտ բնակավայրի Կայան Ավան N4 բազմաբնակարան շենքերը:
Նշենք, որ Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման բյուջեն կազմել է 141 973 216 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 56 789 286 դրամ»,- ասվում է համայնքապետարանի հրապարակած հաղորդագրության մեջ: