ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տեխաս կատարած այցի ժամանակ «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը շփոթել է ԱՄՆ գաղտնի ծառայության հետ։

Այս մասին երկուշաբթի հայտնել է Fox News-ը` տարածելով տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ամերիկացի առաջնորդը զրուցում «Փրկության բանակ»-ի պաշտոնյայի հետ կիրակնօրյա այցի ժամանակ Էլ Պասո քաղաքում, որը գտնվում է Մեքսիկայի հետ սահմանին:

Բայդենն ասել է. «Ես որոշ ժամանակ անցկացրել եմ գաղտնի ծառայության հետ Լեհաստանում և Ուկրաինայում»: Հետո կրկնում է «Գաղտնի ծառայություն» արտահայտությունը:

«Փրկության բանակ»-ը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը հիմնված է Լոնդոնում:

Գաղտնի ծառայությունը, որը գործում է վերջին տարիներին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ներքո, հիմնականում ապահովում է երկրի բարձրագույն ղեկավարության և ամերիկյան հողի վրա գտնվող օտարերկրյա ղեկավարների պաշտպանությունը: Մինչև 2003 թվականը այս հատուկ ծառայությունը, որն ունի դաշնային իրավապահ մարմնի կարգավիճակ, եղել է ԱՄՆ գանձապետարանի կառուցվածքում։ Դա բացատրվում էր նրանով, որ Գաղտնի ծառայությունը ստեղծվել է 1865 թվականին՝ պայքարելու ԱՄՆ ազգային արժույթի կեղծման դեմ, սակայն հետագայում նրա գործառույթները զգալիորեն ընդլայնվել են։ Գաղտնի ծառայության մասին հիշատակելով՝ Բայդենը, ըստ երևույթին, նկատի ուներ 2022 թվականի մարտին Լեհաստան կատարած իր այցը և այնտեղ իր անվտանգությունն ապահովելը։ Սակայն, ինչպես բազմիցս հայտարարել է ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ նախագահը այդ ժամանակ չի այցելել Ուկրաինայի տարածք։

Բայդենը անցած կիրակի պաշտոնավարման գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Միացյալ Նահանգների հարավային սահման և այցելել Էլ Պասո՝ տեղում տեսնելու ներգաղթային ամենասուր ճգնաժամը հաղթահարելու համար ձեռնարկվող միջոցները: Այնտեղից Սպիտակ տան ղեկավարը մեկնել է Մեխիկո, որտեղ ընթանում է Կանադայի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի ղեկավարների հաջորդ նախատեսված հանդիպումը, ինչպես նաև երկկողմ ձևաչափերով նրանց բանակցությունները։

631