Ըստ Արցախի կառավարության տեղեկագրի և հանրապետության առողջապահության ոլորտի պատասխանատուների՝ ներկա պահին Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով, 93-ը՝ բրոնխիալ ասթմայով, 66-ը՝ պարբերական հիվանդությամբ, 80-ը՝ էպիլեպսիայով, 16-ը՝ շաքարային դիաբետով։ Նրանք հաշվառման են վերցված և պարբերաբար մեկնում էին Հայաստանի Հանրապետություն` ստանալու համապատասխան բուժօգնություն։ Դեկտեմբերի 12-ից հետո՝ շրջափակման պատճառով, այս երեխաները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից։ Բացի դրանից, ավելի քան 10 բժիշկ հնարավորություն չունեն Հայաստանից վերադառնալու Արցախ, և դրա հետևանքով Արցախի բուժհաստատություններում առկա է կադրային որոշակի դեֆիցիտ։

Օրվա վիճակագրություն

  • 1 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
  • 11 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
  • Արդեն 127 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • 726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։ 
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 13 200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր

  • Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 34 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը:
  • Շրջափակման պատճառով Արցախի 120 000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա, 20 000 տարեց, հաշմանդամություն ունեցող 9 000 անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
  • Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: 

593