Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին ասել է, որ Սու-35 կործանիչները, որոնք Իսլամական Հանրապետությունը գնել է Ռուսաստանից, Թեհրան կմատակարարվի ըստ իրանական օրացույցի` հաջորդ տարվա սկզբին, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Այսպիսով, այդ ինքնաթիռները Իրան պետք է հասնեն 2023 թվականի մարտի 21-ին։

Հեյդարին նաև ասել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությունից պատվիրել է մի շարք այլ զինտեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ համակարգեր), հրթիռային համակարգեր և ուղղաթիռներ, որոնց մեծ մասը իրանական կողմը կստանա մոտ ապագայում։

Անցյալ տարվա դեկտեմբերին իսրայելական i24news հեռուստաալիքը, հղում անելով արևմտյան աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը Իրանին 24 Սու-35 կործանիչ է մատակարարելու։ Ըստ այս լրատվամիջոցի՝ խոսքն ինքնաթիռների մասին է, որոնք ի սկզբանե արտադրվել են Ռուսաստանի Դաշնության կողմից Եգիպտոսի համար գործարքի շրջանակում։ Այս գործարքը, հեռուստաալիքի տվյալներով, խափանվել է ԱՄՆ-ի կողմից։

 

1019