Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որտեղ այսօր տեղի էր ունեցել պայթյունը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են զինծառայողներ ու սպաներ, ժամանակավոր էր: Այն նախատեսված էր տվյալ շրջանում կենտրոնացման (տեղակայման) համար:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Այսօր նաև հայտնել էինք, որ այս, ինչպես նաեւ մյուս ստորաբաժանումների համար նախատեսված է նոր իտալական մոդուլային զորանոցների կառուցում՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան:

Թորոսյանի խոսքով՝ մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականի վերջին:

«Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- մանրամասնեց գերատեսչության մամուլի քարտուղարը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև լուսանկարներ ու տեսանյութ է տրամադրել մեզ, թե բարձր չափանիշներին համապատասխան զորանոցներն ինչպիսին են լինելու, նաև՝ Հայաստան հասած խմբաքանակի լուսանկարը: Դրանք ներկայացնում ենք՝ ստորև.

Նկատենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին մարտական դիրքեր այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարականներ էր տվել՝ ասելով. «Մտա տեսա, մի բան էն չեղավ, տեղում որոշումներ են կայացվելու»:

Փաշինյանը նաև ասել էր՝ պետական ծառայության մեջ ամեն նրբություն կարևոր է:

«Բաներ կան, որ մեր սխալն է եղել, որոշ բաներ ասել ենք՝ չնկատելու տանք, բայց այսուհետ այդպես չի լինելու: Ինչով, որ պետք լինի, մենք մեր բանակին ապահովելու ենք, բայց պահանջելու ենք ամենաբարձր ստանդարտը: Սա նշանակում է, որ մեր ամեն զինվորն ու հրամանատարն իր պրոֆեսիոնալ հատկություններով պետք է լինի: Խնդիր եմ դրել՝ հագուստից, զենքից սկսած՝ ամեն բան լինի պատշաճ վիճակում: Այլևս կոմպրոմիս չկա: Զինվորական ծառայության մեջ ամեն բան պետք է լինի ամենաբարձր դիրքում»,- կարևորել էր նա:

 

883