
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն փոխել է աշխարհի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարերի, ինչպես նաև Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերի ձևաչափը, այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ըստ նոր ձևաչափի՝ բոլոր թիմերը կբաժանվեն 12 խմբերի՝ յուրաքանչյուրը չորս կամ հինգ թիմով։
Հինգ թիմերից բաղկացած խմբերում ընտրական մրցաշարը կմեկնարկի մարտին կամ հունիսին՝ կախված Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում թիմերի մասնակցությունից։ Չորս թիմերից բաղկացած խմբերում մրցումները կմեկնարկեն սեպտեմբերին։ Յուրաքանչյուր խմբում մրցաշարը կանցկացվի երկու փուլով, մրցակիցներից յուրաքանչյուրը կխաղա յուրաքանչյուրի հետ։
Խմբերի հաղթողները կստանան Եվրոյի կամ աշխարհի առաջնության ուղիղ ուղեգրեր, խմբերի երկրորդ թիմերը կա՛մ ուղիղ դուրս կգան, կա՛մ կմասնակցեն փլեյ-օֆֆին։
Նոր ձևաչափն ուժի մեջ կմտնի Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի եզրափակիչ մասից հետո։
Նշվում է, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատվածի մասնակիցների թիվը չի ավելանա, այլ կմնա 24 թիմերի մակարդակում։ Ընթացիկ ընտրական մրցաշարում մասնակիցները բաժանվել են 10 խմբերի, որոնցից յոթը բաղկացած է հինգ թիմից, ևս երեքը՝ վեցից։