«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

28-ամյա ֆուտբոլիստը հայ ֆուտբոլասերին ծանոթ է «Լոռիում», «Սևանում» և «Նորավանքում» ունեցած հաջող մրցելույթներով։ «Նորավանքի» կազմում բարձրահասակ պաշտպանը Վահե Գևորգյանի գլխավորությամբ դարձել է Հայաստանի Գավաթակիր։ Ռուդոսելսկին մի քանի մրցաշրջան է անցկացրել «Կայրաթի» կազմում, հանդես է եկել նաև «Օկժետպեսում», «Ժետիսուում», «Կայսարում», Իսրայելի «Հապոելում» (Պետահ Տիկվա), իսկ նրա նախորդ ակումբը ղազախական «Թուրանն» էր։ 

«Ալաշկերտի» նորեկը 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի երիտասարդական հավաքականում, հրավիրվել է նաև Ազգային թիմ։ 

«Անչափ ուրախ եմ, որ դարձա «դեղին-սև» ընտանիքի մի մասնիկը: «Ալաշկերտում» հիանալի աշխատանքային մթնոլորտ է, տղաներն ինձ շատ լավ ընդունեցին: Առաջնության երկրորդ հատվածում թեժ պայքար է սպասվում: Մեծ եռանդով և պատասխանատվությամբ պատրաստվում ենք»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Ռուդոսելսկին:

360