
Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում հունվարի 30-ից վերսկսվել է ուսումնական գործընթացը:
Գազամատակարարման հաճախակի խափանմամբ և էլեկտրաէներգիայի հովհարային անջատոմներով պայմանավորված Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան համար 8 հիմնական դպրոցում դասերը կազմակերպվում են հատուկ գրաֆիկով:
Այս մասին «Արցախպրես-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյանը:
«Հայաստանից Արցախ գազամատակարարումն Ադրբեջանի կողմից հաճախակի խափանելու և ջեռուցման բացակայության պատճառով ուսումնական գործընթացի դադարեցումը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա: Դասապրոցեսը վերսկսել ենք, բայց ստիպված կրճատել ենք դասաժամի տևողությունը՝ դարձնելով 35 րոպե: Առավել ուշադրություն ենք դարձնում նոր նյութի հաղորդմանը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ աշակերտները բավարար գիտելիք չեն հասցնում ստանալ, բայց մենք գտնում ենք, որ անկախ բոլոր դժվարություններից, պարտավոր ենք շարունակել դասապրոցեսը»,-նշել է Լ. Գևորգյանը:
Տնօրենի խոսքով՝ չնայած ջեռուցմանը, դասասենյակներում ջերմաստիճանը նորմայից ցածր է:
«Դպրոցը գազով է ջեռուցվում, սակայն, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների դեպքում կաթսայատան աշխատանքը դադարեցվում է»,-պազաբանել է մեր զրուցակիցը:
Դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Կարեն Միսկարյանը մեզ հետ զրույցում մտահոգություն է հայտնել դասասենյակում ցածր ջերմաստիճանի հետ կապված:
«Դասասենյակում առաջվա պես տաք չէ, դրա համար վերարկուներով ենք պարապում: Բայց մենք հասկանում ենք ամեն ինչ, և ամեն ինչ անում ենք, որպեսզի բնականոն հունով անցնեն մեր դասերը»,-նշել է Կ.Միսկարյանը:
Դպրոցին կից գործող նախադպրոցական կրթարանի աշխատանքները ևս վերսկսվել են:
Նախադպրոցական բաժանմունքի վարիչ Նինա Դավթյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ցածր ջերմաստիճանի պատճառով դասասենյակում երեխաները վերարկուներով են լինում:
«Երեխաները շատ են բողոքում, որ ցուրտ է: Սննդի բացակայության պատճառով էլ նրանք այստեղ այլևս չեն սնվում, չնայած նախաճաշի, ճաշի ու հետճաշի ժամերին սպասում են, որ ինչպես նախկինում, կգնան ճաշարան: Բայց մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ նոր թեմաների մատուցմամբ և փորձելով հուսադրել երեխաներին»,- Դավթյանը:
Նախադպրոցական խմբի սաներ Արսենն ու Անին մեզ հետ զրույցում անկեղծացել են, որ մեծ հաճույքով են հաճախում դասերին, չնայած ցրտին և սնվելու հնարավորության բացակայությանը: