«Ինձ թվում է՝ ինչ-որ ստորագրահավաքի տակ ստորագրելուց առաջ մեր մտավորականները լավ կլիներ՝ կարդային ու հասկանային նաև իրենց մատուցած տեքստը»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է գրականագետ Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով մի խումբ մտավորականների՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված նամակին:

«Տպավորություն է, որ ձեր հակընդդեմ կարծիքն օգտագործելով՝ ինչ առաջարկեն, առանց կարդալ ու հանգամանքների մեջ խորանալու, ստորագրելու եք. ինքնասպանության կոչը լուրջ մեղադրանք է, հակաիրավական ու հեչ հարիր չէ մտավորականին:

Հ.Գ. Կոչը ստորագրած մարդկանց մեջ իմ կողմից շատ հարգված ու սիրելի մարդիկ կան, բայց դա չի նշանակում, որ պետք է կաշկանդվեմ տվյալ ստորագրահավաքի տեքստին իմ գնահատականը տալ»,- գրել է Հասմիկ Հակոբյանը:

Հիշեցնենք՝ ստորագրությունների թվում կար նաև օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի անունը: Նա, սակայն, հերքել է իր մասնակցությունը նամակի ստորագրմանը:

Նամակը կազմել և ստորագրել են ազգությամբ հայ Արցախի ու Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաև՝ արտերկրում ապրող ճանաչված մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ՝ ելնելով այն իրողությունից, որ Արցախի ճակատագիրը վերաբերում է ոչ միայն Արցախի Հանրապետությունում ապրող քաղաքացիներին, այլև ՀՀ քաղաքացիներին ու աշխարհասփյուռ հայությանը։

Նամակում նշվում է, որ պատմության գրեթե բոլոր դրվագներում պատերազմական պարտություններից հետո պարտված առաջնորդները կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ հրաժարվում հետագա կառավարումից:

Ըստ նամակի բովանդակության՝ «վերջին 16 տարում լինելով ԱՀ առանցքային, գլխավոր քաղաքական դեմքը (2007-2017 թվականներին եղել եք վարչապետ, պետնախարար, իսկ 2020 թ.՝ ԱՀ նախագահ)՝ հենց Արայիկ Հարությունյանն է գլխավոր պատասխանատուն, որ տարածքային ու մարդկային աննախադեպ մեծ կորուստներից բացի, մսխվել է նաև այն Հաղթանակը, որ 1994թ. ձեռք էր բերվել տասնյակ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով»։

1278