
Այս ծանր, ճակատագրական օրերին մենք՝ որպես պետություն, որպես հասարակություն, որպես ազգ, որպես մեկ ամբողջություն, պետք է սահմանենք՝ ո՞րն է մեզ համար հաղթանակը, ի՞նչ մարդկային, տարածքային, նյութական զոհողությունների ենք մենք պատրաստ այդ հաղթանակին հասնելու համար։ Մենք արդեն իսկ տվել ենք անդառնալի, անպատկերացնելի մարդկային կորուստներ, ինչը բազմապատկում է մեր պարտքը, մեր պարտավորությունը՝ այս պատերազմում իրապես հաղթելու, այնպիսի հաղթանակ արձանագրելու համար, որ մենք կարողանանք պարզ ճակատով նայել մեր նահատակների շիրիմներին։ Սա փորձություն է բոլորիս համար, փորձություն, որը մենք ապրում ենք և՛ որպես պետություն, և՛ որպես հասարակություն՝ հավաքականորեն և անհատական մակարդակում։ Զոհի, կորստի, պարտության և հաղթանակի հարցում մենք պետք է լինենք միակամ ու միասնական, մեզ չպետք է մասնատի ոչինչ՝ ո՛չ քաղաքական պատկանելությունը, ո՛չ վերաբերմունքն ու նախապաշարումը։
Մենք պետք է ազգովին մեկընդմիշտ սահմանենք ու ամրագրենք, որ այս զոհողությունները, այս անդառնալի կորուստները տալիս ենք միայն ու բացառապես մեկ նպատակով՝ հաղթանակի նպատակով, որի վերջնարդյունքը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման, խաղաղ ու երջանիկ ապրելու իրավունքի պաշտպանությունը։ Եվ մենք պետք է հասկանանք նաև, որ մեր մարդկային և այլ կորուստները միայն մերը չեն, դրանք նաև այն պետությունների ու այն ժողովուրդների կորուստներն են, ովքեր այս դժվարին օրերին կանգնած են մեր կողքին, ովքեր աջակցում են մեզ առաջին հերթին բարոյապես, բայց նաև քաղաքական, ռազմաքաղաքական հարթությունում։
Մեզ բաժին է հասել քաղաքակրթության պաշտպանության համար մղվող պայքարի, պատերազմի մեր մասը։ Այդ խաչը մենք՝ ի դեմս մեր հերոսական զինված ուժերի, կրում ենք պատվով ու պատվախնդրությամբ՝ ոչ միայն պաշտպանելով մեր հայրենիքը, այլ նաև բարձրացնելով մեր սուբյեկտայնությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում։
Մեր զինված ուժերն այսօր, հենց այս պահին պաշտպանում են ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ նաև մեր փոքր ու մեծ տարածաշրջանների անվտանգությունը, ինչը, վստահաբար, ապագայում ունենալու է զգալի քաղաքական հետևանքներ՝ տարածաշրջանում ու աշխարհում մեր դերի ու կշռի ավելացման տեսքով։
Այս ծանր, ճակատագրական օրերին մենք՝ որպես պետություն, որպես հասարակություն, որպես ազգ, որպես մեկ ամբողջություն, պետք է...
Опубликовано Արման Բաբաջանյան / Arman Babajanyan Понедельник, 12 октября 2020 г.