Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանը երեք միլիոն բնակիչ ունի, և ինձ համար առաջնային է Հայաստանի պետական շահերի սպասարկումը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների եհտ ճեպազրույցին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով քննարկված իր հայտարարությանը, ըստ որի՝ 120 հազար արցախցու համար չպետք է վտանգվի 3 մլն հայի ճակատագիր:

«Արցախի 120 հազար ժողովուրդը, որը շրջափակված է, մտնում է ՀՀ պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ: Ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն՝ ճշտելու, թե որ նախադասությունը ինչին է ուղղված: Հույս ունեմ՝ այն լրատվական աղմուկը, որ կա Հայաստանում, Արցախում և որն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ, ինչ-որ պահի իր թեժությունը կքչացնի, քանի որ տեղի է ունենում ՀՀ իշխանությունների վրա տարօրինակ տեղեկատվական հարձակում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողովում հարցը քննարկելուն, ապա Գուրգեն Արսենյանն ասաց. «Ես հանդես չեմ գալիս էթիկայի հանձնաժողովին դիմելու նախաձեռնությամբ, եթե էթիկայի հանձնաժողովը կգտնի, որ Գուրգեն Արսենյանը էթիկայի հանձնաժողովում բացատրություններ, իր հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ  տալու կարիք ունի, ես երբեք չեմ խուսափի: Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել, որովհետև եթե ափսոսալու որևէ բան ունենայի, ես հանդես կգայի հերքումով»,- ասաց նա:

 

530