Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետեւ լուրջ ավերածություններ կան երկրում, փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիներին կարողանան հնարավորինս շուտ դուրս բերել: Այս մասին «Հայերն այսօր»-ին տված հարցազրույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գեւորգյանը:

«Բացի այդ, դժվարություններ են ստեղծում նաեւ եղանակային պայմանները, հատկապես Հալեպում եւ Լաթաքիայում:

Այս պահին արձանագրված ստույգ տվյալներ ունենք երկու մեր հայրենակիցների մահվան մասին: Նրանք մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակների տակ էին, լուր ստացանք, որ նրանց հանել են եւ նրանք վիրահատվում են: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը եւ Հալեպում գլխավոր հյուպատոսությունը ստեղծել են աշխատանքային խմբեր, օպերատիվ շտաբներ, հերթապահություն է իրականացվելու 24 ժամ: Հիմա հավաքագրվում են տվյալներ, թե արդյոք կան տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ», - ասել է դեսպանը:

Նրա խոսքով, Քամիշլիում եւ Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան. «Օրվա մեջ մի քանի անգամ կապի մեջ եմ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ, որն ինձ տեղեկացրեց, որ մեր հայրենակիցների մեջ չունենք տուժածներ: Մի թեթեւ վնասվել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին: Լուրջ վնասվածքներ չկան»:

529