ՀՀ-ում շենքերի սեյսմակայունության, շենքերի պիտանելիության ու սեյսմիկ վտանգի մասին սկսում են ակտիվանալ քննարկումները գրանցվող յուրաքանչյուր ցնցումից հետո՝թե տարածաշրջանում թե մեր երկրում։ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը  նորից հիշեցրեց վաղուց օրակարգում եղած կարևորի՝ Հայաստանում սեյմսիկ անվտանգության ու պաշտպանության հարցերի մասին։

Հայաստանում խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերն այսօր սեյսմիկ խոցելի վիճակում են գտնվում: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը և առանձնացրեց մի քանի պատճառներ:

Նրա խոսքով, այս խնդրի առաջին պատճառն այն է, որ այդ շենքերը նախագծվել են 8 բալի սեյսմակայունության հաշվարկով, սակայն, այժմ Հայաստանում սեյսմիկ ռիսկը գնահատվում է 9 բալ: Այսինքն, առնվազն 1 բալով թերագնահատված մակարդակում են նախագծել:

Սեյսմիկ խոցելի վիճակում գտնվելու երկրորդ պատճառը, ըստ երկրաբանական գիտությունների դոկտորի, «խրուշչովյան շենքերն են»:

«Խորհրդային միությունում Խրուշչովի՝ «ամեն ընտանիքին մեկ բնակարան» ծրագրի շրջանակներում հսկայական շինարարություն իրականացվեց՝ այդ թվում Հայաստանում:

Արդյունքում, փաստորեն,1957-ից մինչև Սպիտակի երկրաշարժը՝ 1988 թվականին կառուցված շենքերն անորակ են և սեյսմիկ խոցելի: Լավ բան էր բոլոր ընտանիքներին բնակարանով ապահովելը, բայց որակի տեսանկյունից՝ դրանք անորակ էին, որակի առումով վատություն արեցին: Հիմա մեր հանրապետության թիվ մեկ խնդիրն այդ շենքերից ձերբազատվելն է: Կա՛մ պետք է քանդենք, կա՛մ պետք է ամրակայենք՝ նոր վտանգի մակարդակին համապատասխան»,- ասում է Նազարեթյանն ու ընդգծում, որ դա մեծ գումարներ, ժամանակ ու ուժեր պահանջող գործ է: Շեշտում է, որ այժմ  Երևանում հազարավոր շենքեր կան, որոնք չեն համապատասխանում այսօրվա սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջներին:

«Երևանում ունենք մոտ 2300 շենքեր՝ 5 և ավելի հարկ ունեցող, որոնք 9-ը բալին հաստատ չեն դիմանա՝ իսկ Երևանում սեյսմիկ վտանգն 9-ը բալ է, պետք է այդ ռիսկերը նվազեցվեն»,- նշում է նա:

Սեյսմիկ բարձր խոցելիության երրորդ պատճառը, ըստ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետի, այն է, որ բազմաբնակարան շենքերի հիմնական մասը նախագծվել է թերություններով.

«Սպիտակի երկրաշարժից հետո մանրամասն ուսումնասիրեցինք Հայաստանի տարածքի բազմաբնակարան տիպարային շենքերը՝ դրանք հիմնականում 8-ն են: 8-ը տիպերից համեմատաբար լավ են մոնոլիտ շենքերը՝ միաձույլ բետոնից շենքերը, որոնք 9-ը բալին կդիմանան, Երևանում դրանք մոտ 1000-ն ենՈւնենք խոշորապանել շենքեր, որոնց թիվը Երևանում մոտ 200-ն է. դրանք ևս կդիմանան 9-ը բալին, որովհետև Գյումրիում 1988 թվականի երկրաշարժին դրանք շատ լավ դիմացան և վնասվածքներ համարյա չստացան»,- ասում է Նազարեթյանը:

Խոսելով մյուս շենքերի տիպերի մասին՝ փորձագետի դիտարկմամբ դրանք խոցելի են:

«111 սերիայի կարկասային շենքերը հիմնականում սեյսմիկ խոցելի են, դրանց 85 տոկոսը միանգամից փլուզվեց երկրաշարժի ժամանակ, 15 տոկոսն էլ այն վիճակում էին, որ ստիպված քանդեցին ու մաքրեցին:

Ունենք վեր քաշովի հարկերի մեթոդով կառուցված շենքեր, դրանք էլ խոցելի են:

Մասնագետների կարծիքով, բացի մոնոլիտ և խոշորապանել տիպերից, մնացած շենքերը սեյսմիկ տեսակետից խոցելի են: Դժբախտաբար, այդ շենքերի ամենամեծ կուտակումը Երևանում է»,- նշում է նա:

Սերգեյ Նազարեթյանն ընդգծում է, որ այսօր Գյումրին համարվում է սեյսմիկ տեսակետից ամենանպաստավոր քաղաքը: Գյումրիում սեյսմիկ ռիսկը նվազ է, որովհետև նոր կառուցված շենքերի և՛ որակը, և՛ նախագծերը, և՛ բալի հաշվարկն 9 բալի է:

Նա նշում է, որ Վանաձորի դեպքում, օրինակ՝ նորակառույց շենքերը սեյսմակայուն են, բայց այն շենքերը, հատկապես 5-9 հարկանի, որոնք դիմացան երկրաշարժին, բայց վնասվեցին, դրանք արդեն խիստ անհանգստացնող են:

Բացի խոշոր քաղաքներից, մնացած քաղաքներում պետական սեկտորի նախկին բազմաբնակարան շենքերն համեմատաբար քիչ են, հետևապես՝ պատկերն համեմատաբար ավելի լավ է:

Հարցին, թե ինչ լուծում պետք է տալ սեյսմիկ խոցելի վիճակում գտնվող շենքերի խնդրին, Սերգեյ Նազարեթյանն ասում է, որ այդտեղ լուրջ հիմնախնդիրներ կան և իշխանությունն էլ տեղյակ է:

«Խոսքը ոչ թե 1000, 2000 մարդու մասին է, այլ 100 հազարավոր մարդկանց: Ամրակայման դեպքում պետք է նրանց տարհանել այդ շենքերից, ամրացնել և նորից բնակարանները հանձնել մարդկանց: Այդ մարդիկ, մոտավորապես, 6 ամսից մինչև 1 տարի պետք է սպասեն, որ շենքն ամրացնեն: Այդ ընթացքում որտե՞ղ պետք է ապրեն:

Երկրորդը՝ ամրակայման համար մեծ գումարներ են պահանջվում՝ մեր բյուջեն չի կարող այդ ծրագիրը ֆինանսավորել:

Եվ երրորդը՝ պետք են հսկայական թվով նախապատրաստական աշխատանքներ կատարել»,- ասում է նա:

Նազարեթյանն ընդգծում է, որ մեկ դրական երևույթ կա, այն է՝ անցած տարի Երևանում մոտ 1 մլրդ դոլարի բնակարանաշինություն է իրականացվել:

Ասում է՝ սա էլ հարցի լուծում է, որովհետև նորակառույց շենքերն անհամեմատ որակով են կառուցված և 9 բալի հաշվարկով. «Ես չեմ կարող ասել, թե որ շենքն ինչպիսի որակով է կառուցվել, որովհետև դա անհնար բան է, բայց ընդհանուր պատկերը գիտեմ, որ անհամեմատ լավ է, քան՝ նախկինում»:

Ինչ վերաբերում է ամրակայման աշխատանքներին և օրինակ՝ մեկ շենքի հաշվարկով ծախսի չափին, Սերգեյ Նազարեթյանը բացատրում է, որ մի շարք նրբություններ կան: Նշում է, որ նախ պետք է շենքի տեխնիկական վիճակի  ուսումնասիրություն իրականացվի, և գրանցվի, թե որ հատվածները, որ տարրերը պետք է ամրացնել՝ դրանով է պայմանավորվում անհրաժեշտ  գումարի չափը:

«Մոտավոր հաշվարկ կա, որի արդյունքում պարզ է դարձել՝ մեկ շենքի ամրակայման և մեկ նոր շենքի կառուցման առումով գումարային տարբերությունն այնքան մեծ չէ: Մեկ շենք կառուցելու համար նախատեսված 100 տոկոս գումարի 80 տոկոսով հնարավոր է մեկ շենքի ամրակայում:

Հետո գիտեք, այդ շենքերի բնակարանները փոքր են, այսօրվա պահանջներին չեն բավարարում, ճարտարապետական տեսքն այն չէ, շենքերը ծերացել են՝ 70-80 տարվա շենքեր են, հո՞ դրանք հավերժ չեն կարող կանգուն մնալ: Պետք է դրանք քանդվեն ու նորերը կառուցվեն, եթե մի քիչ հարուստ լինենք, դա ավելի ճիշտ է»,- ասում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետն ու հավելում՝ այսինքն, այս դեպքում մենք ռիսկի մեջ ենք մնում, քանի որ «ուրիշ ճար չկա»:

Անդրադառնալով դպրոցների և բուժհաստատությունների սեյսմակայունությանը՝ Սերգեյ Նազարեթյանն ասում է, որ դրանք ևս վատ վիճակում են գտնվում, և կառավարությունն այս առումով ևս տեղյակ է խնդրին:

«Օրինակ՝ 1988 թվականին Գյումրիում երկրաշարժի ժամանակ 5 դպրոցների փլուզման հետևանքով 2000 երեխա է զոհվել: Դպրոցների վիճակը վատ էր, բայց կառավարությունն արդեն մի քանի տարի է՝ հատուկ ծրագիր է իրականացնում ու տարեկան 30-ից ավելի դպրոցների շենքեր կա՛մ ամրացնում է, կա՛մ՝ նորը կառուցում:

Հիվանդանոցների շենքերը նույնպես երկրաշարժի հետևանքով փլուզվեցին՝ վատ վիճակում էին: Այժմ, նոր կառուցվող շենքերը 9 բալի հաշվարկով են և սեյսմակայուն են»,- ասաց Սերգեյ Նազարեթյանը:

Ինչ վերաբերում է նորակառույց բազմաբնակարան շենքերի 9 բալի համապատասխանությանը՝ ոչ միայն փաստաթղթերում, այլև իրականության մեջ, ըստ Նազարեթյանի, այդ առումով երկու հանգստացնող հանգամանք կա: Առաջինը՝ նախագծողները պարտադիր 9 բալի հաշվարկով են նախագծում: Երկրորդը՝ կա շինարարության որակի տեխնիկական հսկիչի ինստիտուտ, որը պարտավոր է հսկել որակը:

Նա հիշում է՝

«Հայաստանում բարձր որակի շինարարության նշաձողը Լինսի հիմնադրամի բնակարանաշինության ժամանակ Քըրք Քրքորյանի հատկացված միջոցներով կառուցված շենքերն են: 5600 բնակարան կառուցեցին Հայաստանում՝  իդեալական որակի: Այդպիսի նշաձողը պետք է օրինակ լինի այսօրվա համար»,- ասում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր փորձագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը:

Հիշեցնենք, որ հարևան Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցավ 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որին հետևել են տարբեր ուժգնության հետցնցումներ: Երկրաշարժի հետևանքով փլուզումներ են եղել ոչ միայն Թուրքիայում, այլև Սիրիայում:

Պաշտոնական հաշվարկների համաձայն՝ Թուրքիայում երկուշաբթի օրը փլուզվել է 6000-ից 7000 շենք:

Այս պահի դրությամբ վերջին տվյալներով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 22.000-ը:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան զոհերի թիվը հասել է 18342-ի։ Տուժել է ավելի քան 75 հազարից ավելի մարդ:

Սիրիայում, այսօրվա տվյալով, զոհվել է շուրջ 4000 մարդ, վիրավորների թիվը հատում է 5000-ը։

 

1486