ArCa-ն իր քարտապաններին հիշեցնում է, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերը ստանում են կեղծ և/կամ վիրուսային հղումներ պարունակող հաղորդագրություններ՝ ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների անունից:

«Հնարավոր են դեպքեր, երբ այդ հղումներով առաջարկվում է լրացնել քարտային (քարտի համար, վավերականություն, CVV կոդ, PIN կոդ) կամ անձնական ( անձնագրի, ID քարտի, ՀԾՀ և այլն ) տվյալներ, լինում են գումար ստանալու կամ աշխատելու գրավիչ առաջարկներ, զանազան ապրանքների վաճառքի գրավիչ առաջարկներ, այլ:

Հորդորում ենք նմանատիպ հղումներ ստանալիս լինել չափազանց զգոն, հավաստիանալ էջի իսկության մեջ: Անհայտ հղման գործարկումը կարող է պատճառ դառնալ հեռախոսի, համակարգչի և նրանում առկա հավելվածների վարկաբեկման։

Ո՛չ մի դեպքում անհայտ և կասկածելի ծագում ունեցող կայքերում կամ երրորդ անձանց մի տրամադրեք քարտային և անձնական տվյալներ։

ARCA-ն երբեք չի պահանջում քարտապանից տրամադրել անձնական տվյալներ, որոնցով հնարավոր կլինի կատարել գործարքներ։

Կասկածների դեպքում անմիջապես դիմեք Ձեր բանկ կամ ԱրՔա, Ձեզ հասանելի եղանակով (օրինակ բանկային հավելված) բլոկավորեք հնարավոր զեղծարարության ենթարկված քարտը։

Միևնույն ժամանակ նշենք, որ մեր հավելվածում և կայքում կրկնակի հավաստագրման կիրառումը կապահովագրի նման դեպքերից։ Այսօր այդ եղանակի ընտրությունը թողնված է օգտատիրոջ հայացողությանը, քանի որ փոքր ինչ երկարացնում է մուտքի գործողությունը, սակայն անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով այն դառնալու է պարտադիր։

Նշենք, որ Ընկերությունում պահպանվող քարտապանի տվյալների արտահոսք տեղի չի ունեցել:

Պնդումները, իբրև ArCa-ն ենթարկվել է կիբեռհարձակման, և եղել է տվյալների արտահոսք, իրականությանը չի համապատասխանում։

Տուժած քարտապանները ֆինանսական զեղծարարության զոհ են»,- նշված է հաղորդագրության մեջ։

467