
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և համաժողովին այցի ընթացքում նրանք ունեցել են տարբեր հանդիումներ ու հատկապես Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:
Այդ ամենից բացի, ներկայացնում ենք, թե ինչ հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահը:
Մասնավորապես աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ, կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը։ Վարչապետը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի, Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ: Ինչպես նաև տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի հանդիպումը:
ՀՀ վարչապետի այս տասից ավելի հանդիպումներին զուգահեռ ներկայացնում ենք Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած հանդիպումները. Ադրբեջանի նախագահը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի, Եվրոպական ռաբբիների համաժողովի նախագահի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, Իսրայելի պաշտպանության նախարարի հետ:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստեփան Սաֆարյանը Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երկու երկրների առաջնորդների հանդիպումներին, նկատեց, որ Ալիևը Արևմուտքում բացարձակապես սիրված կերպար չէ: «Պարզապես կա մեծ խնդիր՝ Ալիևին պոկել ռուսական քաղաքականությունից և դա անելու համար և գազային լծակն են օգտագործում, և դրա շնորհիվ նաև Ալիևին վերադարձնում են բանակցային սեղանի շուրջ»,- ասաց նա:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Բլինքենի հետ ունեցած հանդիպումը պայմանավորվածությունները հիշեցնելու համար էր: «Հայաստանը երկակի խաղեր չի տալիս, Հայաստանը Արևմուտքին չի կեղծում Ռուսաստանի հետ իր հարաբերությունների մակարդակը և Ռուսաստանում չի թաքցնում Արևմուտքի հետ իր հարաբերությունների բովանդակությունը: Ալիևը խնդիրներ է ունենում, որովհետև ուզում է խելոք գառան նման երկու մոր կաթ ուտել, բայց ակնհայտորեն այդ երկու մայրերը այնքան էլ բարեհաճ չեն միմյանց հանդեպ, որ նրանց այդ կաթը տան: Ալիևը ուզում է Ռուսաստանում ստանա արտատարածքային միջանցք, ինչը դրան թուլ չեն տալիս Հայաստանը և Արևմուտքը, և նա ուզում է Արևմուտքի վրա վաճառել այսպես կոչված՝ զանգեզուրյան միջանցքը և իր հակառուսականությունը, այն դեպքում, երբ Արևմուտքում լավ գիտեն, որ ինքը չափազանց սերտ է խաղում Պուտինի հետ»,- ասաց նա: