Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակմամբ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատկերը: 

Հրապարակումը հիշեցնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով ԼՂ հայ ժողովուրդը դժվարին իրավիճակում է հայտնվել:

Ընտանիքի հետ Լեռնային Ղարաբաղում ապրող 40-ամյա Արմինեն Human Rights Watch-ին պատմել է, որ վառելիքի բացակայության պատճառով ամուսինը կորցրել է տաքսու վարորդի աշխատանքը, և հիմա ինքն է ընտանիքի միակ կերակրողը: Իսկ 12 և 14-ամյա երեխաները միայն վերջերս են վերադարձել դպրոց, երբ փայտի վառարաններով սկսվել է դպրոցի ջեռուցումը: Սակայն որոշ դպրոցներ փակ են մնում ջեռուցման բացակայության պատճառով։ Սնունդը գնալով պակասում է, մատչելի չէ, քանի որ գները կտրուկ աճել են: Արմինեն պատմել է՝ անգամ սառը եղանակի պայմաններում երկու ժամ սպասել է՝ ձու գնելու համար: 

Արմինեն իր օրը պլանավորում է՝ ըստ էլեկտրաէներգիայի անջատումների: Մի քանի ժամվա ընթացքում, երբ էլեկտրականություն կա, նա պետք է հասցնի ճաշ պատրաստել և տնային գործերով զբաղվել, տաքացնել երեխաների սենյակը և օգնել նրանց կատարել տնային աշխատանքները: 

Human Rights Watch-ը շեշտել է` Արմինեի պատմությունը բացառություն չէ: Լաչինի միջանցքի արգելափակումը խաթարել է ԼՂ-ում ապրող հազարավոր հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը: Շատերը մնացել են Հայաստանում և չեն կարողանում վերադառնալ իրենց տներ: 

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են, թե պատասխանատու են ճանապարհի փակման համար, սակայն սատարում են բողոքի ցույցերը:

Լաչինի միջանցքի խափանումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում, քանի որ շատ կարիքներ մնում են չբավարարված: Human Rights Watch-ի հրապարակումը կոնկրետ օրինակով է ներկայացնում ստեղծված ծանր իրավիճակը. Արմինեի հայրը քաղցկեղով հիվանդ է և պետք է գյուղից պարբերաբար հասնի Ստեփանակերտ, սակայն վառելիքի և տրանսպորտի բացակայության պատճառով բաց է թողել վերջին բժշկական այցելությունները: 

«Ադրբեջանի իշխանությունները և ռուս խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ բողոքի ակցիաները Արմինեին և Լեռնային Ղարաբաղի մյուս բնակիչներին չզրկեն իրենց իրավունքներից, այդ թվում՝ առողջության, առաջին անհրաժեշտության ծառայությունների և ապրանքների հասանելիության, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքից»,- շեշտվում է հրապարակման մեջ: 

817