

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին՝ նախ նշելով, որ շատ կարևոր օրենք է առաջարկվում շրջակա միջավայրի պահպանության համար։
«Մի քանի հարց կա, որոնք կուզենամ ավելի առաջնային դարձնենք՝ հաշվի առնելով, որ ժամանակ պետք կլինի ամբողջ փաթեթն իրականացնելու համար։ Առաջինը տեսակավորման խնդիրն է, որ շատ արագ կարող ենք լուծել։ Տարբեր արկղեր են տրվում և քաղաքացիներից պահանջվում է տեսակավորել թուղթը, պլաստիկը, ընդհանուր աղբը առանձին։ Սա շատ կարևոր է և պետք է շատ արագ անել, գոնե մեծ քաղաքներում։
Երկրորդ հարցը մեքենաների կմախքներն են, որոնք միգուցե պարունակում են ծանր մետաղներ․ դրանք գրեթե ամենուր են, ուր գնում ենք հանդիպում ենք դրանց։ Ո՞վ է պատասխանատու դրանց համար, ինչո՞ւ տեղական ինքնակառավարման մարմինները խիստ չեն, եթե պետք է՝ եկեք օրենքի մեջ ավելացնենք, որ այլ տարածքում դրված լինեն, այդ հողում ավելի մեծ տույժ ու տուգանքներ լինեն»,- նշեց Սուքիասյանը։
Հարցին ի պատասխան՝ Տերտերյանը նշեց, որ մեքենաների կմախքների հետ կապված մի քանի տարի առաջ որոշակի միջոցառումներ կազմակերպվեցին, սակայն, ցավոք, այժմ պատկերը շատ վատ է․ բոլոր մայրուղիները վերածվել են երկրորդային մեքենաների վաճառքի կետերի։ Պետք է որոշակի միջոցառումներ իրականացնել՝ միգուցե ՏԻՄ-երի հետ կապված։
Նա նաև նշեց, որ տեսակավորման հետ կապված ինստիտուցիոնալ հիմք կա դրված։
Իր հերթին, Սուքիասյանը շեշտեց, որ միայն մեքենաների խնդիր չէ՝ մարդիկ իրենց բազմաբնակարան շենքերի դիմաց թողնում են իրենց հին մեքենաները, որոնք խանգարոմ են երեխաների խաղահրապարակներին։ «2023 թվականն է․ ժամանակակից աշխարհը այդ ամենը մերժում է, թո՛ղ հասարակությունը մեզ օգնի այս հարցում․ նկարեն և ուղարկեն համապատասխան մարմին, որն էլ կունենա կառույց, որը կզբաղվի դրանով։ Սա խանգարում է երեխայի բակային խաղերին, ինչն էլ ազդում է նրա գիտակցության վրա, թե ինչ միջավայրում են մեծանում»,- եզրափակեց միտքը պատգամավորը։