Հայաստանում բուհերի դիմորդներին այս տարի առաջին անգամ հնարավորություն է տրվել ընդունելության քննություններին մասնակցել 2 անգամ։ Առաջին փորձնական փուլը մեկնարկել է հունվարի 15-ից և շարունակվել մինչև փետրվարի 12-ը։

Միասնական քննությունների ընթացքի, դրանց արդյունքների և առկա խնդիրների շուրջ Zarkerak.am-ը զրուցեց ԿԳՄՍՆ Գնահատման ու թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի հետ. «Դիմորդին երկու անգամ ընդունելության քննությունը հանձնելու հնարավորության մասին հարցը քննարկվել է վաղուց և համարյա թե պատրաստ էր, միայն մի բան էր մեզ հետ պահում՝ քննական կենտրոնների ոչ պատրաստ լինելը: Ամռանը կազմակերպելն ուրիշ է, որևէ խնդիր չենք ունենում, հիմա անպայման պետք է ջեռուցվող տեղ լինի: Շատ քիչ դպրոցներ ունենք, որտեղ մարզադահլիճը կամ նիստերի դահլիճը համեմատաբար տանելի միջավայր է ստեղծում քննություններ կազմակերպելու համար: Նախորդ տարիներին այդ խնդրի պատճառով ստիպված հրաժարվել ենք այդ քննական կենտրոններից: Հիմա էլ իհարկե խնդիրը կա, բայց մենք գնացել ենք, որոշ տեղեր փոխել ենք, համեմատաբար տաք դասարաններ ենք վերցրել ու դարձրել քննական կենտրոններ»:

Ըստ Նասիբյանի՝ նախորդ տարիներին, եթե դիմորդը մի անգամ քննություն հանձնելով անբավարար էր ստացել և չէր անցել, ապա հիմա նրան տրված է երկրորդ շանս. «Եթե դիմորդը քննությունը հանձնում է հունվարին և ցածր միավոր է ստանում, ապա հունիսին հնարավորություն կունենա երկրորդ անգամ հանձնել ու ավելի բարձր միավոր ստանալ, այսինքն, հնարավորություն է տրվում կենտրոնանալ իր թույլ տված թերությունների ու սխալների վրա: Ե՛վ ծնողը, և՛ դիմորդը, և՛ կրկնուսույցը տեսնում են, թե ինչ բացթողումներ և վրիպումներ կան, ի վերջո ծնողը պետք է իմանա՝ իր երեխան գնալով պարապմունքների ինչ-որ բանի կհասնի՞, թե՝ ոչ»:

Ամռանը դիմորդները տալիս են և՛ միասնական, և՛ ներբուհական քննություններ (ներբուհական քննություններն արվեստի բնագավառի քննություններն են, որոնք իրականացնում և կազմակերպում են բուհերը, միասնական քննությունները կազմակերպում է ԳԹԿ-ն), իսկ հունվարին հանձնել են միայն միասնական քննություններ: Միասնական քննություններ հանձնողների թիվը 2022 թվականին եղել է մոտավորապես 10 500, 2023 թվականի հունվարին՝ 6871:

ԳԹԿ փոխտնօրենի խոսքով՝ այս փոփոխությամբ մեծ հնարավորություն է տրվում դիմորդին.«Դիմորդներն իրավունք ունեն ընտրել երկու առարկա, որից քննություն կհանձնեն՝ առանց մասնագիտությունը կամ բուհը նշելու, կարող են ընտրել նաև մեկ առարկա: Օրինակ, եթե դիմորդն ինչ-որ առարկա պարապել հասել է մինչև հունվար և գտնում է, որ ունի որոշակի մակարդակ, որն իրեն կբավարարի բուհ ընդունվելու համար, այդ մի առարկան ընտրում է, այն մյուս առարկան չի ընտրում, իր ընտրած առարկայից ստանում է բարձր գնահատական, արդեն հունվարից այդ առարկան այլևս չի պարապում և շարունակում է մյուս առարկան պարապել: Եթե դիմորդն ընտրում է երկու առարկա և երկուսից էլ ցածր միավորներ է ստանում, ապա հունիսին արդեն հնարավորություն ունի քննություն հանձնել ոչ այդ երկու առարկաներից, օրինակ՝ կարող է ասել ես ուրիշ մասնագիտություն եմ ուզում և դրա համար ուրիշ քննություններ եմ հանձնում»:

Անդրադառնալով 2023 թվականի քննությունների արդյունքներին՝ Կարո Նասիբյանը նշեց. «Մենք գիտենք, որ հունվարին դիմորդները դեռ մինչև վերջ չեն յուրացրել իրենց ծրագրային նյութը, պարզ է, որ գնահատականները պետք է ավելի ցածր լինեն, քան հունիսին կազմակերպվող քննությունների ժամանակ, այդպես էլ կար, այսինքն 2022 թվականի հունիսին կազմակերպված քննությունների արդյունքներից ցածր են այս տարվա հունվարի արդյունքները:

Օրինակ՝ Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի քննությանը 2022 թվականի հունիսին մասնակցել են 5141 դիմորդ, 2023 թվականի հունվարին՝ 1967, միջին միավորը 2022 թվականի հունիսին 11.96 բալ է եղել, 2023 թվականի հունվարին՝ 10.83, 2022 թվականին դրական միավորի շեմը չեն հաղթահարել դիմորդների 15.7 տոկոսը, 2023 թվականին՝ 23.3 տոկոսը, այսինքն այս տարի անբավարար ստացողների թիվը մեծ է»:

Նասիբյանը,այնուամենայնիվ, կարծում է,որ այս փոփոխությունն արդյունավետ կլինի:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ. «Սա միջազգային հայտնի պրակտիկա է, որովհետև, ընդհանրապես, քննությունը չպետք է լինի վախենալու, վտանգավոր մի բան, մենք դիմորդներին միշտ պետք է փորձելու հնարավորություն տանք: Այս իմաստով կատարված փոփոխությունը շատ լավն է, որովհետև դիմորդին լրացուցիչ հնարավորություններ է տալիս, որը նախկինում չկար: Նախորդ տարիներին ընդամենը մեկ հնարավորություն էր տրվում և լինում էին դեպքեր, երբ դիմորդի հետ ինչ-որ դժբախտություն էր պատահում, կամ քննության օրը հիվանդ էր լինում, հուզված և այլն: Իհարկե, հիմա այս քննությանը մի փոքր վերապահորեն պետք է նայել, սա շատերի համար փորձ էր, եկան, իրենց ինքնագնահատականն ունեցան, հիմա ունեն լրացուցիչ մի քանի ամիս ավելի լավ պարապելու: Միջազգային պրակտիկայում էլ մարդը վճարում է և կարող է երկու-երեք ամիսը մեկ այդ քննությունները տալ, սա մղում է սովորելու, պարապելու, լարվածությունն է թուլացնում»:

Խաչատրյանի խոսքով՝ այս փոփոխությունը կրկնուսույցների համար էլ է օգտակար, կրկնուսույցին գնահատող ծնողի համար էլ. «Եթե ծնողը դժգոհ լինի արդյունքից՝ կարող է փոխել կրկնուսույցին»:

Կրթության փորձագետն ընդգծեց նաև, որ հիմա ընդունելության քննություններին լարվածությունը բավականին թուլացել է. «Առաջ սա բավականին կոռուպցիոն գործընթաց էր, հումանիզմը քիչ էր, այսինքն ուզում էին խիստ լինել, կախվածության մեջ գցել դիմորդին, որ ինքն ուրիշ ճանապարհների դիմի բուհ ընդունվելու համար, հիմա որ այդ երևույթները պակասել են, արդեն համակարգն ավելի դիմորդների օգտին է սկսելու աշխատել»:

Իսկ, թե արդյոք հնարավոր է սպասել դիմորդների թվի աճի, Սերոբ Խաչատրյանը նշեց. «Սա բուհեր ընդունվող դիմորդների թվի որոշակի աճ կբերի, որովհետև երբ մարդը երկու անգամ է քննություն տալիս, ավելի բարձր են լինում արդյունքները»:

Նշենք, որ այս նոր կարգավորումն ընդունվել էր Կառավարության 2021 թվականի ապրիլի 7-ի հերթական նիստում:

2325