Իրանի և Բելառուսի հարաբերությունները վերջին երկու տարիներին բեկում են արձանագրել։ Այդ մասին այսօր՝ մարտի 13-ին, Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռաիսին։

«Մեր հարաբերությունները միշտ եղել են վերելքում, բայց վերջին երկու տարիների ընթացքում մենք իսկապես բեկում ենք տեսել: Ձեր այցը Իրան, անկասկած, լուրջ խթան կհանդիսանա մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- ասել է նա։
Իր հերթին Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսն ու Իրանը հասկանում են, որ պետք է սերտ համագործակցություն զարգացնեն։

«Շողոքորթության համար չէի ասում, որ Բելառուսի և Իրանի միջև առկա շփումները, հատկապես վերջին երկու տարիներին, իսկապես ձեր արժանիքն են։ Անկեղծ ասած, գուցե նույնիսկ իմ պատճառով, Բելառուսի պատճառով մենք որոշակիորեն թուլացրել ենք ուշադրությունը Իրանի պետության նկատմամբ։ Ես հաճախ եմ մտածում այս մասին և եզրակացնում, որ մեզ անհրաժեշտ էր ապրել այս շրջանը՝ մի շրջան, գուցե ոչ այնքան ինտենսիվ հարաբերությունների: Այս ժամանակաշրջանը բնութագրվում է նրանով, որ մենք հասկացանք, թե ինչքան կարիք ունենք միմյանց, որքան սերտ պետք է համագործակցենք այս աշխարհում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Երկու առաջնորդների նեղ կազմով հանդիպումը տևել է մեկ ժամ, որից հետո սկսվել են բանակցությունները ընդլայնված կազմով։

Հիշեցնենք, որ մարտի 12-13-ը տեղի է ունենում Բելառուսի նախագահի պաշտոնական այցը Իրան։ Սա Բելառուսի ղեկավարի երրորդ այցն է այս երկիր։ Նախորդ երկուսը տեղի են ունեցել 1998 և 2006 թվականներին։

559