
Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողի հարցին՝ խաղաղության պայմանագրի ժամկետների մասին։ Նա շեշտեց, որ իրենից կախված բոլոր ջանքերը գործադրելու է մինչև խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ «Այն տարբերակը, որ փոխանցում ենք Ադրբեջանին, դրա տակ կա իմ ստորագրությունը, որովհետև մենք չենք խաղում, մենք ժամանակ չենք ձգում։ Այսօր, երեկ, տարվա վերջում շատ լավ կլիներ, որ այն ստորագրվեր, բայց Ադրբեջանը այլ ուղղությամբ է տանում»,- նշել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետը Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 2018թ․-ից ի վեր ՀՀ-ն ռազմատեխնիկական օգնություն չի ստացել և 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի անձնակազմի և զինամթերքի 50 տոկոսն է ներգրավված եղել ռազմական գործողություններին, Փաշինյանը նշեց, որ իրեն դառնացնում է այն, որ այդ լրջության մարդը Հայաստանը ղեկավարել է։ «Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել։ Կատարյալ սուտ է։ Օգնություն ունենալ ասելով՝ ի՞նչ են նկատի ունեցել, հնարավոր է նկատի ունեն ձրի զենք։
ՀՀ-ն 2018-2020 թթ․-ին ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարին միասին վերցրած․ սա ապացուցված վիճակագրություն է։
«ԼՂ-ի զինանոցում եղած այնպիսի զենք չի եղել, որ չի կիրառվել։ Ընդդիմության-իշխանության այն գնահատականը կար, որ այդ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ, ի՞նչն էր պատճառը, որ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Մի բան ասեմ, որ աղմուկ կարող է առաջացնել, և դա իմ այս պահի գնահատական է՝ հիմնված փաստերի վրա։ Իմ համոզմունքը այն է, որ մենք այս պատերազմում պարտվել ենք, որովհետև մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն, և կարծում եմ, առաջիկայում այդ փաստերը հրապարակային կլինե, և իմ հայտարարությունը այդքան տարօրինակ չի թվա։
Հիմա, օրինակ, հողերը հանձնելու մեջ մեղադրվում են բարձրաստիճան զինվորականներ, կա կալանքի տակ զինվորական, կա զինվորական, որ մեղադրվում է Շուշիի գործով։ Երբ դատարանը որոշեց, որ պետք է կալանավորվի, զարմանալի մի բան տեղի ունեցավ՝ ամենատարբեր մարդիկ ՀՀ-ից, ԼՂ-ից դատաիրավական համակարգին այլ միջնորդություն են ներկայացնում այսինչ մարդուն կալանքից ազատելու մասին, ներողամիտ վերաբերվեն նրանց։ Իմ ռեակցիան հետևյալն է. բա դուք չէի՞ք ասում, որ պետք է բացահայտվի, թե Շուշին ոնց է ընկել»,- շեշտեց Փաշինյանը։