Հայաստանում ժողովրդագրության վրա ազդող հիմնական պատճառներից մեկը հղիության արհեստական ընդհատումներն են՝ հատկապես, եթե դրանք պայմանավորված են սեռով։

Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումները միշտ եղել են բարձր, սակայն վերջին շրջանում դրական միտումներ են գրանցվում։ Մեր երկրում կանանց և տղամարդկանց սեռերի հարաբերակցության շեղումը սկսել է նկատվել դեռևս 1991 թվականից, իսկ 2000 թվականին այն հասել է մինչև 120 տղա - 100 աղջիկ հարաբերակցության` այն դեպքում, երբ նման հարաբերակցության համար սահմանված նորման կազմում է 102-103 տղա - 100 աղջիկ հարաբերակցությունը: ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2008-2012 թվականների ժամանակահատվածում ծնվածների մեջ աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100-115, 2014 թվականին` 100-113,4, 2015 թվականին` 100-112,7, 2016 թվականին` 100-111,9, 2017 թվականին` 100-109.8, 2018 թվականին` 100-111, 2019 թվականին` 100-110, իսկ 2021թ-ին ամենադրական ցուցանիշն է գրանցվել, որը նորմայից կրկին բարձր էր՝ 100-108.8 համամասնությամբ:

Նախկինում Հայաստանում հարյուրավոր աղջիկներ չէին ծնվում միայն նրա համար, որ աղջիկ են։ Սակայն ինչպես ցույց են տալիս վերոնշյալ թվերը, այս միտումը քիչ-քիչ նվազում է՝ պայմանավորած մի շարք գործոններով և պետության և այլ կազմակերպությունների կողմից իրականացվող մի շարք միջոցառումներով։

Հայաստանոմ ընտանիքները նախընտրում են տղա ունենալ նրանց նախապատվությանը տրվում են բազմաթիվ պատճառաբանումներ, որոնց արմատներն ավելի շուտ էթնիկ, մշակութային, սոցիալ-հոգեբանական և տնտեսական բնույթ ունեն: «Տղա երեխան ազգը, տոհմը շարունակողն է»,  «տղան ծնողներին հետո կերակրողն է», մոտեցումները հանդիսանում են ծնողների համար տնտեսապես ապահովված լինելու, խնամք և աջակցություն ստանալու հիմնական գրավականը: Տղա երեխա ունենալը հաճախ կապում են «տղամարդ լինելու», հեղինակության և ինքնագնահատականի կայացման հետ թե՛ հայրիկի, թե՛ մայրիկի համար։

Այս ամենին գումարվում են հասարակության մեջ կնոջ դերի ընկալումները։ Հայաստանում բազմաթիվ խորքային խնդիրներ կան՝ կապված կնոջ և աղջիկ երեխայի հետ։ Ուստի, հիմնականում իգական սեռով պայմանավորված, հղիության ընդհատումներն ունեն լուրջ հոգեբանական հիմքեր․ ցուցանիշներից, սակայն, կարելի է եզրակացնել, որ մի շարք միջոցառումներ, ինչպես նաև տեղեկատվական բնույթի գործունեությունը, փորձ է՝ կոտրել կարծրատիպերը, սրան իհարկե ավելանում է կթական միջավայրի բարելավումը և կնոջ իրավունքների կարևորումը, որի արդյունքում ծնողներն ունենում են աղջիկ երեխա։

Չնայած փոփոխություններին՝ ցուցանիշը, միևնույն է, դեռ նորմայից բարձր է․ սա նշանակում է, որ պետք է հետևողականորեն շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ, անհրաժեշտ է հստակ քաղաքականություն՝ հաշվի առնելով, որ սա մեծ ազդեցություն ունի ժողովրդագրության վրա։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին երեխայի դեպքում սեռի ընտրությունը ցածր տոկոս է կազմում:

Պրոբլեմը սկսվում է երկրորդ և հատկապես երրորդ երեխայի դեպքում, նախարարությունում մի շարք միջոցառումներ արվեցին, որոնք դրական միտումների հանգեցրին: Արգելվեց աբորտը պտղի սեռի հատկանիշով, և, միաժամանակ, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ևս նախատեսվեց պատասխանատվություն, 3 օր սպասելաժամանակ նախատեսվեց, քանի որ կանայք որոշում են կայացնում ինքնաբուխ. շատ դեպքերում դա իրենց որոշումը չի լինում, և նաև պարտադիր խորհրդատվություն է արվում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ արհեստական ընդհատումը, և շատ դեպքերում խորհրդատվությունից հետո կանայք փոխում են իրենց մտադրությունը:

Բացի այդ, մի շարք կազմակերպություններ ևս խթանում են աղջիկ երեխաների ծնունդը, օրինակ՝ 2018թ․-ից Շիրակի մարզի Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոնում Հայ օգնության միության միջոցներով եւ բուժհաստատության նախաձեռնությամբ մշակվել է մի ծրագիր, ըստ որի՝ 2 եւ ավելի աղջիկ ունեցող մայրերը խրախուսվում են: Նրանց տրվում է 150 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, ներկայումս պետության մեջ բավականին մեծացել է կնոջ դերը, բազմաթիվ կարծրատիպեր են կոտրվել, կնոջ հանդեպ խտրականությունը ևս նվազել է թե՛ աշխատաշուկայում, թե՛ այլ ոլորտներում։ Մեր երկրում բազմաթիվ հաջողված օրինակներ կան, թե ինչպես է կինը  երկրում և երկրից դուրս՝ միջազգային մասշտաբով ձեռքբերումներ ունենում, նկատելիորեն մեծացել է կրթված կանանց թիվը, որոնք կարողանում են հավասարապես նույնքան եկամուտ ունենալ, որքան տղամարդը։

Սա հատապես կարևոր իրողություն է այն ընտանիքների համար, որոնք երկմտում են աղջիկ երեխայի հարցում։

 

729