ԱՄՆ իշխանությունները պատրաստակամ են Ռուսաստանի ղեկավարության հետ կապի ուղիղ միջոց պահպանել՝ ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու սարքի կործանման պատճառով էսկալացիայի վտանգը նվազեցնելու համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։

«Մենք ակնհայտորեն չենք ցանկանում զինված հակամարտություն Ռուսաստանի հետ։ Մենք աջակցում ենք կապի ուղիղ միջոցներին՝ էսկալացիայի վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով»,- ասել է Ժան-Պիեռը՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին հարցին։

Պաշտոնյան հավելել է. «Մենք կշարունակենք օգտվել միջազգային օդային տարածքում թռիչքների մեր իրավունքներից»:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է Ռուսաստանի կողմից Սև ծովի վրա կիրառված ավիացիոն սահմանափակումներին, հավելել՝ ԱՄՆ-ը կշարունակի թռիչքները այդ տարածքում: Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ անօդաչու թռչող սարքը հայտնվի որևէ այլ երկրի ձեռքում:

Ավելի վաղ ԱՄՆ և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև շտաբի պետեր Մարկ Միլին և Վալերի Գերասիմովը երկու հեռախոսազրույցներ են ունեցել միջադեպի վերաբերյալ։

489