Հայաստանում 10 տարի առաջ աշխատում էր 230 դատավոր, որից 114-ը դուրս է եկել դատական համակարգից, այսինքն՝ գերակշիռ մեծամասնությունը փոխվել է, տեղի է ունեցել ինքնամաքրում: Այսօր ՀՀ-ում կա 280 դատավոր, որոնցից 144-ը նշանակվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո: Այս մասին դատավորների ժողովին հայտարարել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Խոսելով դատական համակարգում հնարավոր կոռուպցիայի մասին՝ Անդրեասյանը նշեց, որ ընդամենը մեկ կաշառակեր դատավորն ավելի է վարկաբեկում դատական համակարգը, քան 200 Մարդու իրավունքների պաշտպանները, մի քանի հարյուր նախարարները, հասարակական ու քաղաքական գործիչները:

«Մենք ոչ միայն պետք է արմատախիլ անենք այլոց անարդար քննադատությունը, այլև պետք է արմատախիլ անենք թեկուզ այդ մեկ կոռուպցիոներին, որ կարող է հայտնվել կամ ծվարած լինել մեր շարքերում։ Եվ այդ պայքարը չի դադարել»,- ասաց նա։

ԲԴԽ նախագահի խոսքով՝ եթե ժամանակին դատավորներին կարող էին մեղադրել կաշառակերության մեջ, այսօր կարող են առավելագույնը մեղադրել ուշացումների, ձգձգումների, եզակի ոչ գրագետ իրավական ակտերի մեջ, ինչի պատճառով էլ ԲԴԽ-ն մանրակրկիտ ուսումնասիրում է ստացված բոլոր բողոքները։

Անդրադառնալով իր պաշտոնավարման ընթացքում արված և անելիք գործերին՝ Անդրեասյանը նշեց․

«Արված գործերից ամենակարևորն ինձ համար, որը նաև լույսի շող էր, դեկտեմբերյան օրենսդրական փաթերթի արագ մշակումն ու ընդունումն էր։ Շատերդ կարող եք ասել, որ դա դեռ չի փոխել ձեր կյանքն ու արդարացի կլինեք, բայց երկու ամսում մենք կարողացանք կոնսոլիդացված, միմյանց հետ քննարկումների արդյունքում դուրս բերել խնդիրներ, դրանց տալ օրենսդրական կարգավորման տեսք, փոխանցել օրենսդիր ու գործադիր մարմիններին, ստանալ ընդունված օրենսդրություն»։

ԲԴԽ նախագահի խոսքով՝ վերջին հինգ ամիսում դատական համակարգում տարբեր պատճառներով 30 թափուր տեղ է առաջացել։

«Մենք սկսեցինք ազատվել ձևականություններից։ Դուք այդքան ծանր կյանքով եք ապրում, որովհետև մեր օրենսդրությունն արդարության հասնելու վեհ նպատակի տակ դրել է ավելի շատ ձևականություններ, քան դրան հասնելու իրական և արագ ուղիներ։ Բոլորը խոսում են դատական ակտերի ուշցումների կամ ձգձգումների մասին։ Եթե առաջիկա հնգամյակում օրենսդիր և գործադիր մարմինները, հասարակական սեկտորը, քաղաքական ուժերն ուզում են այլևս չտեսնել ուշացումներ, ուրեմն պարտավոր են մեզ տալ 80 նոր դատավորի և առնվազն 300 դատական ծառայողի հաստիք»,- նշեց Անդրեասյանը։

Նա նաև հավելեց, որ մյուս կարևոր ձեռքբերումը պետք է լինի խոսնակների ցանցը, որը պատշաճ կերպով կարձագանքի հասարակության հարցադրումներին։

«Ամեն ձգձգման, ամեն ակտի ժամանակ մարդիկ մեղադրում են դատավորին՝ մոռանալով որ այդ դատական պրոցեսներին մասնակցում է քննիչը, դատախազը, փաստաբանը, մասնակցում են վկաները, քաղաքացիները, որոնց ամեն բացակայությունից, ամեն գործողությունից լինում են ձգձգումներ։ Մենք չպետք է մեր բարձունքում մնալով լուռ ընդունենք քարկոծումները։ Մեր խոսնակների ցանցը պետք է հստակ բացատրի՝ ով և ինչու կալանավորվեց, ով և ինչու մնաց ազատության մեջ, ով և ինչու ստացավ այս կամ այն դատավճիռը, եթե նման հարց է տալիս հասարակությունը,- նշեց ԲԴԽ նախագահը։

 

823