Հենց Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս եմ, այսահարվում եք, պարոն Մանուկյան: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանին, որը դահլիճից արձագանքում էր Հայկ Կոնջորյանին:
«Հանդարտվեք, մի ալեկոծվեք և դահլիճը մի լքեք, հանդարտ»,-ասաց Հայկ Կոնջորյանը:
Նա շարունակեց իր ելույթը և նշեց. «2003 թվական, կեղծված նախագահական ընտրություններից հետո, Ռոբերտ Քոչարյանը զավթում է նախագահի աթոռը, Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում, որ քանի որ հասարակության մեջ խաթարված է վստահությունը, առաջարկում է մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե, որպեսզի վերականգնվի հասարակական համերաշխությունը»: Նա նշեց, որ ՍԴ-ի կայացրած այս որոշումը ոտնահարվում է և չի իրականացվում Ռոբերտ Քոչարյանի և իր իշխանության կողմից։
«Դուք, որ տարիներ շարունակ ասպատակել եք Սահմանադրական դատարանը և սահմանադրականությունը, այսօր եկել եք սահմանադրական իրավունքի կանթեղն եք այստեղ բարձր պահում, վառ պահում: Ցիցերոնի ոսկորները գերեզմանում շարժվում են ձեր այս ելույթներից, մի քիչ զուսպ եղեք և ժուժկալ»,-հավելեց նա և հայտնեց, որ ՔՊ-ն չի մասնակցելու քվեարկությանը:
Մանրամասները՝ տեսանյութում քիչ անց: