
Կառավարությունը սահմանեց ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի տեխնոլոգիական զարգացումն է: «Այդ ուղղությամբ շատ կոնկրետ քայլեր ենք արել, վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը հսկայական չափերով մեծացել, կրկնապատկվել է»,- ասաց նա:
Նա նշեց, որ գիտության ոլորտում երիտասարդների ներգրավմանն ուղղված ծրագրեր են իրականացնում: Վարչապետը նաև նկատեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակում «Թումո» կենտրոնին Պուշկինի փողոցում տարածք հատկացնելու մասին որոշում են կայացրել:
«Առանձնահատուկ դժվարություններ ունենք Խորհրդային Միության ուսումնարանների վերակենդանացման պրոցեսում, խորհրդային համակարգում դրանք իրենց դերը կատարել են, բայց այս անցումային շրջանում դրանք վակուումի մեջ են հայտնվել, և դա նույնպես ռազմավարական նշանակության հարց է՝ այդ համակարգը վերակենդանացնելը»,- ասաց նա և կարևորեց մասնավոր հատվածի ներգրավվածությունը:
Նա ընդգծեց, որ երբ բուհական համակարգի մասին խոսում ենք, մեր մտքերը պետք է կենտրոնանան ակադեմիական քաղաքի վրա: