Մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ԵՎՐՈ 2024 որակավորման փուլի D խմբի առաջին՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ 

Սա կլինի Հայաստան-Թուրքիա հավաքականների 3-րդ հանդիպումը։

2008 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ  2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը, որի հովանու տակ կայացավ երկու երկրների` Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հանդիպումը, եւ տրվեց «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկը։ 

Դեռեւս 2008 թ. հունիսի 23-ին, Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը` միաժամանակ հայտնելով, որ  թուրքական կողմն առաջարկել է ձևավորել պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողով: «Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև»,- ասել էր Սարգսյանը։

Սակայն սահմանն այդպես էլ չբացվեց ոչ 2008-ին, ոչ 2009-ի պատասխան հանդիպմանը։ Չնայած նրան, որ Սերժ Սարգսյանն ասել էր․ «Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կա’մ կանցնեմ բաց սահմաններով, կա’մ էլ կլինի դրա նախօրյակին», սակայն 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա փակ սահմանի առկայության պայմաններում։ 

Ինչևէ։ Ինչերի՞ էր պատրաստ Սերժ Սարգսյանը հանուն Թուրքիայի հետ սահմանների բացման։

Վերհիշենք, որ նախ Գյուլը Հայաստան գալու համաձայնությունը տվել էր խաղից երեք օր առաջ, իսկ Սարգսյանը Թուրքիա մեկնելու համաձայնությունը տվել էր ֆուտբոլային հանդիպումից դեռ 13 ամիս առաջ։

Ահա եկավ սեպտեմբերի 6-ը․ Գյուլը կեսօրին ժամանեց Երևան և այցը տևեց 6-7 ժամ։ Իսկ Հայաստան-Թուրքիա հանդիպումից օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր․ հին զինանշանի վրա պատկերված հայերի համար այդքան թանկ Արարատ սարը փոխվել էր գնդակով: Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից ևս հանվել էր Արարատ սարի պատկերը: Հանդիպումից և Գյուլի մեկնելուց միայն մեկ ամիս անց Արարատ լեռը նորից հայտնվեց ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյում նոր ձևավորմամբ:

Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները միայն խաղից հետո են նկատել փոփոխությունները։ Հանդիպումն էլ ավարտվել է 0։2՝ հօգուտ Թուրքիայի։ 

Այսպիսով, անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ է Հայաստանում տեղի ունենալու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Սակայն ներկայիս իշխանությունը չի պատրաստվում կրկնել «ֆուտբոլային դիվանագիտության» պատմությունը, չի պատրաստվում փոխել ֆեդերացիայի զինանշանը` հրաժարվելով ազգային սրբություններից, և ամենակարևորը` չի պատրաստվում քաղաքականացնել խաղը։ 

Թագուհի Մանուկյան 

1079