
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը ծրագրում է այս տարի այցելել Ադրբեջան։ Հրեական պետության ղեկավարն իր ծրագրերի մասին խոսել է Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հետ՝ վերջինիս հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին՝ մարտի 26-ին, հայտնում է The Jerusalem Post-ը։
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են Ադրբեջանի և Իսրայելի միջև տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկել երկկողմ օրակարգի տարբեր հարցեր։
2022 թվականի նոյեմբերին նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Իսրայել Պետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին օրենքը։ Թել Ավիվում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացման արարողությունը սպասվում է 2023 թվականի մարտի 29-ին։ Դա տեղի կունենա ադրբեջանա-իրանական հարաբերությունների աննախադեպ վատթարացման ֆոնին։
Բաքուն և Թեհրանը փաստացի գտնվում են երկկողմ հարաբերություններում դիվանագիտական առճակատման և ռազմաքաղաքական բարձր լարվածության փուլում։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետությունը, որի աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդը Մերձավոր Արևելքում մնում է Իսրայելը, լայնածավալ զորավարժությունների շարք է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։
2022 թվականի հոկտեմբերի 4-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ռամազան Զիրահին Ադրբեջանը անվանել է տարածաշրջանի այն վայրերից մեկը, որտեղ ապաստան են ստանում Թեհրանի թշնամիները։