
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Մանուել Մանուկյանի («Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար)։ Հայցապահանջն է՝ պարտավորեցնել Մանուկյանին իր՝ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Այս մասին տեղեկացանք datalex.am-ից։
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հայցադիմումը (ներկայացվել է փետրվարի 24-ին) վարույթ է ընդունել մարտի 3-ին, դատավորն է Ռ. Բունիաթյանը։ Դատարանը նույն օրը բավարարել է հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 24-ին ֆեյսբուքյան իր էջում Մ. Մանուկյանը ինչ-որ առանձնատան լուսանկար էր տարածել՝ կից գրառմամբ. «Սուրեն Պապիկյանի դղյակը 2 տարում, իր հալալ քրտինքով, իր աշխատավարձով, պարգևավճարներով մարդը գնել է։ Ո՞վ կարա բան ասի: Լրիվ օրենքով է։ Կեցցե նազարը, կեցցե նիկոլը, կեցցե փրկիչը։ Նիկոլական դեմդ խոտ կա՞»: Մանուկյանի գրառումը տարածել էին մի շարք կայքեր։ ՊՆ-ն հերքել էր Պապիկյանի առնչությունը հիշյալ առանձնատանը։
«ՍիվիլՆեթի» փաստերի ստուգման թիմը (CivilNetCheck-ը) օրեր անց Կադաստրի կոմիտեից ձեռք էր բերել Պապիկյանին վերագրվող առանձնատան կադաստրային գործերը և պարզել, որ պաշտպանության նախարարին վերագրվող առանձնատունը և կից հողամասը Երևանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան թաղամաս 57/17 և 57/9 հասցեներում են։ Առանձնատան սեփականատերը, ըստ փաստաթղթերի, ծնունդով Լիբանանից Կանադայի քաղաքացի Վաչե Պետրոսի Մինասյանն է։